18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոտայքի մարզում պետք է զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի մարզը ունի արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղակայված էին Խորհրդային միության ռազմարդյունաբերական համալիրն սպասարկող հսկայական ձեռնարկություններ: Հայտնի պատճառներով այդ ձեռնարկությունները չէին կարող շարունակել իրենց գործունեությունը, բայց այժմ արդեն հնարավորություն ունենք դրանք վերագործարկելու, իհարկե, ոչ թե նախկին արտադրանքը թողարկելու, այլ՝ ժամանակակից, մրցունակ արտադրանք, որի ցանկը կա Էկոնոմիկայի նախարարությունում և, անպայման, անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության հետ միասին մանրամասն գույքագրել այն արտադրական տարածքները, որտեղ մենք կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ նոր արտադրանքի համար: Սա, իրոք, մեծ հնարավորություն է մարզի զարգացման համար:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Կոտայքի մարզն ունի հրաշալի բնություն և մարդիկ, ովքեր հողի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն: Բնությունը հրաշալի է, բայց բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն գյուղատնտեսության համար: Ուստի, մենք պետք է Կոտայքի մարզում զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն, որը գրեթե 100 տոկոսով ապահովում է բարձր բերքատվություն: Խոսքս ժամանակակից ջերմոցների մասին է՝ մեծ ջերմոցների ու նաև ցանցապատ և կաթիլային ոռոգում ունեցող այգիների մասին: Վերջին տարիներին իմ հաճախակի այցելությունները Կոտայքի մարզ հենց այդ հանգամանքներով են պայմանավորված: Մենք ձեզ հետ միասին եղանք տարբեր ջերմոցներում, այգիներում, և ակնհայտ է, որ ամեն կերպ պետք է խրախուսենք այս գործընթացը: Անկեղծորեն պետք է ասեմ՝ ես գոհ եմ, որ Կոտայքի մարզն այս բնագավառում լոկոմոտիվի դերակատարություն ունի: Մենք պետք է գործընթացը շարունակենք: Մարզի հրաշալի բնությունն իր ջրային ռեսուրսներով, իր գեղատեսիլ վայրերով շատ մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ առողջարանային բիզնեսը: Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, Արզնին, Բջնին լավ հնարավորություններ են, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այս բնագավառը:

Կոտայքի մարզում տեղակայված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, և դրանք մագնիսի պես ձգում են զբոսաշրջիկներին: Բայց մենք պետք է լուծենք առնվազն երեք խնդիր. առաջինը ենթակառուցվածքների խնդիրն է՝ այդ թվում լավ ճանապարհների, երկրորդը՝ մենք պետք է սովորենք ժամանակակից ձևով կառավարել աղբահանությունը և աղբավայրերը: Եվ երրորդը՝ պետք է ունենանք որակյալ սպասարկող անձնակազմ: Եթե պատմամշակութային հուշարձանը նույնիսկ լավագույններից է և շատ մեծ արժեք է ներկայացնում, բայց դեպի այդ հուշարձան տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է, ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ամենուրեք աղբ է, և էքսկուրսավարն էլ չունի անհրաժեշտ որակավորում, ապա երկրորդ անգամ այդ զբոսաշրջիկն այլևս ցանկություն չի ունենա այցելել այդ վայրը: Անշուշտ, պետությունը պարտավոր է միջոցներ ներդնել, և ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհաշինությունը առանց պետության մասնակցության անհնար է զարգացնել: Պետությունը գումար է ներդնում, կառուցում է այդ ճանապարհը, բայց պահպանման խնդիրները դրվում են մարզպետարանների վրա: Այդ պահպանման խնդիրների համար ևս գումարներ ենք հատկացնում, որոնց արդյունավետ օգտագործմանը պետք է լուրջ ուշադրություն հատկացնել:

Հավանաբար, տեղյակ եք` Էկոնոմիկայի նախարարությունն ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեզ պետք է տեղյակ պահեին երկու կարևոր ծրագրերի մասին: Մեկը աղբավայրերի կառավարման ծրագիրն է, երկրորդը՝ զբոսաշրջության զարգացման, որն իր մեջ ունի նաև այդ ենթակառուցվածքների բարելավման բաղադրիչը:

Անշուշտ, շատ կարևոր հանգամանք եմ համարում, որ մարզի տարածքում գտնվող բուժհաստատությունները վերջին ժամանակներս բավականաչափ հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով: Կցանկանայի լսել՝ արդյո՞ք բուժանձնակազմն ամբողջությամբ համալրված է, և դա ի՞նչ չափով է նպաստել, որպեսզի մարզի բնակիչները բժշկական օգնություն ստանան մարզում, այլ ոչ թե՝ Երևանում:

Այս խնդիրների մասին կցանկանայի այսօր հանգամանորեն խոսենք»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ