Թեղուտն այսօր համակարգաստեղծ ձեռնարկություն է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նախահան իր խոսքում մասնավորապես ասել է.
«Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական:
Գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը, մենք, կարծում եմ, կարողանալու ենք լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ: Այդ տեխնոլոգիական կենտրոնը մենք շահագործման ենք հանձնելու հաջորդ տարի:
Կցանկանայի տեսնել, թե հիմա ու՞ր ենք հասել, ո՞ր փուլում ենք գտնվում, որովհետև դրա հետ զուգահեռ մենք պետք է լուծենք նաև Վանաձորում Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Արդեն բարերարի հետ ես խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաև այդ ոլորտում:
Տեղեկացնեմ, որ ես արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել, և մոտակա երկու շաբաթների ընթացքում մենք կասենք ձեզ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում: Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել:
Անշուշտ, կարևորում եմ նաև սոցիալական ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների զարգացումը: Նոր հիվանդանոցի և ծննդատան կառուցումը ևս չափազանց կարևոր խնդիր է: Կցանկանայի տեսնել, թե ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ ենք ավարտվելու, ե՞րբ ենք շահագործման հանձնելու»: