05 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Քաղաքապետն ասեց` գրպանս հենց լցվի` կտամ” … /վիդեո, ֆոտո/

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական կոչվող տնակավանի վագոն-տնակներից մեկում է գոյատեւում Պառավյանների ընտանիքը: Փոքրիկ կացարանում վառարանը վառվում է, երբ ցուրտ քամին է փչում: Պատճառը, սակայն, այն չէ, որ այս ընտանիքում վառելափայտի ավելցուկ կա, պարզապես սպիտակյան անտանելի ցրտին դիմանալն անհնար է: Ընտանիքն 88-ի աղետի դառը հետեւանքները հասցրել է ճաշակել: 7 երեխաներից յուրաքանչյուրի մոտ էլ առողջական խնդիր կա:

Անապահով ընտանիքի մայրն օրվա հացի խնդիրը հոգում է մասնավոր աշխատանքով. այն էլ օրվա հաջողությունը գիտի` մի օր կա, մի օր չկա: Ընտանիքը ստանում է 53.000 դրամ նպաստ 7 անձի համար. մի կողմից կոմունալ վարձերն են խեղդում, մյուս կողմից` սովն ու առօրյա կարիքները: 10.000 դրամ պարտքի պատճառով ընտանիքը զրկվել է ջրից: Ու այսպես` 4 տարի… Ծորակից ջուր չի հոսում, փոխարենն ամեն անձրեւի ու ձյան հետ տանիքն է ջրերով ողողվում:

Այս ամենի արդյունքը երեխաների մոտ առաջացած տարբեր  հիվանդություններն են: Ընտանիքի զույգ երեխաներն ամենաառողջն են: Երեւի դա է պատճառը, որ մայրը նպատակահարմար է գտել նրանց ուղարկել Ստեփանավան` հոր մոտ անասնապահություն անելու:

Առաջադիմությամբ աչքի ընկնող զույգ եղբայրները, փաստորեն, դուրս են մնում պարտադիր ուսուցումից: Ամսվա մեջ մեկ անգամ են դպրոցի երես տեսնում: “Ես իրանց պապային եմ մեղք գալիս, որ աչքերը չի տենում: Իրանց պապան աշխատում ա, երեխեքին պահում ա: Շոր չկա, ապրելակերպ չկա”,-սրտնեղում է բազմազավակ մայրը:

Չնայած սրան, մայրն իր առաջնահերթ խնդիրը համարում է տանիքի բացակայությունը. “Գոնե ինձ մի կռիշ տան, գոնե թեկուզ դոմիկից դոմիկ տեղափոխվեմ, սենց խոնավություն չըլնի: Մի անգամ գնացի քաղաքապետին ասի ինչ կլինի, կռիշ չունեմ, մի բան արեք: Ինձ պատասխան տվեց`գրպանս հենց որ լցվի, կտամ”:

 Ի դեպ, Պառավյանները երկրաշարժից հետո բնակարան ստացել են, սակայն վաճառել են: Ընտանիքի մայրն ասում է, որ պարտքերը շատ էին:

Իտալական տնակավանի այս ընտանիքը սոցիալական ու կենցաղային ծանր պայմաններով միակը չէ: Թաղամասի անունն է միայն հիշեցնում Իտալիայի մասին: Իրականությունն այստեղ գորշ է ու մռայլ:

Նշենք, որ այսուհետ՝ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ