Արցախը հերքում է ադրբեջանական վարկածը

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում հրապարակված հոդվածում, հղում անելով ադրբեջանական մամուլին, գրել էր, թե Ադրբեջանում վախենում են, որ ՌԴ-ի կողմից ԻՊ-ի դիրքերի վրա հրթիռակոծությամբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարող է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործել՝ իր ռազմական ինքնաթիռների համար։
Վարծակի հավանականությունը պարզելու համար Henaran.am-ի թղթակիցը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանին:
«Կարծում եմ` սա ուղղակի ադրբեջանցիների կողմից շահարկում է, որևէ նպատակ կամ դիմում, որևէ այդպիսի հեռանկար չկա»- մեկնաբանեց խոսնակը: Անդրադառնալով Երևան-Ստեփանակերտ քաղաքացիական չվերթների վերսկսմանը, որը քննարկվում է վերջին մի քանի տարվա ընթացքում, Դավիթ Բաբայանն ասաց, որ թռիչքները դեռևս չկան, բայց կարծիք հայտնեց, որ կլինեն:
«Աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատել, որ լինեն այդ թռիչքները: Իսկ թե երբ կլինեն, չպետք է հստակ ժամկետ նշել: Տեսնում եք, որ կան բազմաթիվ այլ հրատապ խնդիրներ. հակառակորդն ամեն օր խախտում է զինանադադարի ռեժիմը: Մինչև լրիվ իրավիճակը չկայունանա, դեռևս վաղաժամ է խոսել թռիչքների վերսկսման ժամկետների մասին»,- եզրափակեց խոսնակը: