Դեբեդի վրա նոր կախովի կամուրջ կկառուցվի
Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազ. դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով:
Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հաշվի առնելով աշխատանքների կատարման հրատապությունը՝ դրանք անհրաժեշտ է իրականացնել մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը:
Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի Թալին քաղաք, կապահովվի հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին ընտանի կենդանիների խմելու ջրի հարցը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու հանձնարարել խնդրին արագ լուծում տալ: