Օբաման Ռուսաստանին ԱՄՆ-ի պոտենցիալ մարտահրավերներից մեկն է անվանել /վիդեո/
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հոբելյանական` 70-րդ Գլխավոր ասամբլեային:
Օբաման իր ելույթը սկսել է թվարկելով այն հաջողությունները, որոնց հասել է ՄԱԿ-ը 70 տարվա ընթացքում, գրում է «Газета.Ru»-ն:
Օբաման խոսել է երկրների հզորությունից` նշելով, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` շնորհիվ իր ժողովորդավարության: Օբաման միեւնույն ժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ի ներսում ժողովրդավարությունն անթերի չէ: Նա նշել է, որ երկրների հզորությունն այսօր որոշում են ոչ թե տարածքային վերահսկողությամբ, այլ նրանով, թե ինչպիսին է այս կամ այն երկրների բնակիչների բարեկեցությունը և նրանց ստեղծարարությունը:
Օբաման իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին ու ասել, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի ագրեսիան:
Նա Ռուսաստանին կոչ է արել միջազգային նպատակներն ու խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Մեկնաբանելով Դոնբասի ճգնաժամը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցները երկարաձգելուն, քանի դեռ ճգնաժամը չի լուծվել:
Օբաման ցավում է, որ Ռուսաստանը Ղրիմի եւ Ուկրաինայի հարցում դիվանագիտական ճանապարհով չի առաջնորդվել, ինչի հետեւանքով ԱՄն –ը ստիպված է եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնել: Պատժամիջոցները, Օբամայի խոսքով, հանգեցրել են Ռուսաստանից մտավորականության արտագաղթին, ազգային արժույթի փլուզմանը ու տնտեսական նոր ճգնաժամի:
«Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Մեզ պետք է ուժեղ Ռուսաստան, որպեսզի մենք միասին աշխատենք աշխարհի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Օբաման իր ելույթի ժամանակ:
Նա նկատել է նաև, թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում:
Օբաման Ռուսաստանին և Չինաստանին անվանել է ԱՄՆ-ի «պոտենցիալ մարտահրավերներից»: Մյուս կողմից, սակայն, նա կարևորել է Չինաստանի ու Ռուսաստանի դերը` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումներում և Իրանի ու Ռուսաստանի դերը` Սիրիայի հետ կապված լուծում գտնելու հարցում:
Խոսելով Սիրիայի խնդրից` Օբաման «բռնակալ» ու «մարդասպան» է անվանել Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադին և ասել, որ նա պետք է հեռանա: Օբաման քննադատել է Ասադին սատարողներին:
Նա նկատել է, որ Սիրիայում իրավիճակը չի վերադառնալու նախապատերազմական ստատուս քվոյին։ «Ներկա պահին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են ստեղծել անցումային կառավարություն»,-շեշտել է Օբաման: