Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք. Մոսկվան չի հանդուրժի /վիդեո/
Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարկ է նշել, որ նրա ելույթի սկսվելուն պես` Ուկրաինայի պատվիրակությունը լքել է դահլիճը:
Պուտինն իր ելույթը սկսել է 1945 թվականից, ՄԱԿ-ի դերից ու նշանակությունից, հայտնում է РИА Новости-ն:
Իր ելույթում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, սակայն չի կարող հանդուրժել ահաբեկչությունը: Նա ասել է, որ առհասարակ աշխարհում ստեղծված իրադրությունը հանդուրժել այլևս չի կարելի:
Պուտինը մեծ անդրադարձ է կատարել միջազգային ահաբեկչությանը, առաջարկել է հակահիտլերյան կոալիցիայի պես կոալիցիա ստեղծել դրա դեմ պայքարում: Պուտինն ասել է, որ այդ կոալիցիայում պետք է ավելի շատ ուժեր ընդգրկվեն, այդ թվում` իսլամական երկրներից:
Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հետ սիրախաղ անելը հղի է լուրջ վտանգներով: Նա ծայրահեղ վտանգավոր է անվանել նաև ահաբեկիչներին զինելու փորձերը:
Պուտինը հատուկ նշել է, որ սխալ է համարում Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության ու բանակի հետ համագործակցությունից հրաժարվելը: Նա շեշտել է, որ Ասադի իշխանությունը օրինական է: Միաժամանակ նա կոչ է արել ընդունել, որ Սիրիայի կառավարական ուժերից ու քրդական միավորումներից բացի Սիրիայում ոչ ոք «Իսլամական պետության» դեմ չի պայքարում: Պուտինը կոչ է արել չկարծել, թե ահաբեկիչները մյուսներից անխելք են: Նա հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ռազմա-տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, թե Սիրիային, թե Իրաքին:
Պուտինը կոչ է արել օգնել Սիրիայի օրինական իշխանություններին` Ասադի գլխավորությամբ:
Պուտինն իր ելույթում անդրադարձել է նաեւ Ուկրաինայի խնդրին` ասելով, որ հետխորհրդային երկրները դրվել են կեղծ ընտրության առաջ` լինել Արևմուտքի կամ Արևելքի հետ: Նրա խոսքով` վաղ թե ուշ նման տրամաբանությունը հանգեցնելու է աշխարհաքաղաքական ճգնաժամի:
«Հենց նման երևույթ տեղի է ունենում Ուկրաինայում, որտեղ օգտագործեցին իշխանություններից հասարակության մի մասի դժգոհությունը և զինված հեղաշրջում հրահրեցին, ինչի հետևանքով երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ փակուղուց դուրս գալու համար հարկավոր է բարեխղճորեն կատարել 2015թ. փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրի կետերը:
Պուտինը կոչ է արել հարգանքով վերաբերվել տարբեր երկրների, զարգացման միասնական մոդել չպարտադրել.
«Ռուսաստանը պատրաստ է քննարկել ՄԱԿ-ում բարեփոխումները, սակայն ՄԱԿ-ի հեղինակությունն ու արդյունավետությունը խարխլելու փորձերը չափազանց վտանգավոր են: Դա կհանգեցնի խնդիրներն ուժեղի իրավունքով լուծելու երեւույթի»:
«Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք», այս խոսքերով ՌԴ նախագահը դիմել է Մերձավոր Արեւելքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծողներին եւ ահաբեկչության տարածումը թույլ տվողներին: Նա վերջիններին պատասխան տալու կոչ է արել: