Սերժ Սարգսյանը վա բանկ է գնում
«Լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի, քանզի Ադրբեջանի իշխանությունները հստակ գիտակցում են իրենց հնարավորության չափը»: «Հենարան» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ քաղաքագետի` Հայաստանի հեռահար նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, հակառակորդն էլ դրա հնարավորությունները չունի: Այդ պատճառով` մեր բանակն ամեն բան անում է, որպեսզի զսպի ադրբեջանական կողմի ակտիվությունը:
Քաղաքագետը նկատում է նաև, որ պատերազմի վերսկսումը ոչ միայն Ադրբեջանի անվտանգության համար է վտանգավոր լինելու, այլ նաև իշխող վարչակազմի, այդ իսկ պատճառով հակառակորդը կգործի միայն առավելագույնի սահմաններում:
Վերջին օրերին հառակորդի ակտիվությունը քաղքագետը բացատրեց այն հանգամանքով, որ Ադրբեջանը ցանկանում էր փոխել հանդիպման օրակարգը` նախագահների հանդիպումից էլ ավելի առաջնային դարձնելով սահմանի լարվածության հարցը: «Ինչը և կարողացավ անել, քանի որ մենք տեսանք, որ եղավ արտգործնախարարների հանդիպում, բայց չեղավ նախագահների նոր հանդիպման մասին պայմանավորվածություն»:
«Հատկանշական էր նաև նախագահի ելույթը, որտեղ Սերժ Սարգսյանը բաց տեքստով մեղադրեց միջազգային հանրությանը: Հիշեցնեմ նաև, որ Սերժ Սարգյանը մեկ անգամ արդեն ասել էր, որ եթե բանակցային գործընթացն արդյունքներ չտա, Հայաստանը քայլեր կձեռնարկի Արցախը Հայաստանին միացնելու համար: Ու պետք է փաստել, որ այս հայտարարությունից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվեց»,-հավելեց քաղաքագետը: