22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին. Նախագահ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր առավոտյան մեկնարկած և Կառավարության ընդունելությունների տանը շարունակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անելու է հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի: Իր խոսքում Հանրապետության Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Մինչև օրակարգի հարցերին անցնելը, խոսք ունեմ ասելու անցած երկու օրերի դեպքերի կապակցությամբ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջև, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգևորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջև զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր։

Նրանք զոհվեցին, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն և անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչև վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան։

Հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաև միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից։ Օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը։

Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել։

Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:

Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:

Այս մասին հայտնում է նախագահականը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ