ՀՀ հիվանդանոցներում խախտումներ են հայտնբերվել
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական, ընդլայնված նիստում ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը ներկայացրեց նախորդ կոլեգիայի որոշումով հանրապետության բուժօգնություն և սպասարկում իրականացնող 88 կազմակերպությունում, որից 32-ը` Երևանում, 56-ը` մարզերում, իրականացված մոնիտորինգի արդյունքները։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համապատասխանությունը գործող իրավական ակտերին, ինչպես նաև դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ձեռք բերման, ստացման, պահպանման, հաշվառման և բաշխման գործընթացի համապատասխանությունը գործող իրավական ակտերին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի ուղղությամբ տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
«Երևանում և մարզերում ուսումնասիրված առողջապահական հաստատություններում հայտնաբերվել են այս կամ այն տիպի խախտումներ: Մասնավորապես՝ լիցենզիայի առկայության դեպքում մասնագետների բացակայության պատճառով գործունեության չիրականացում, նյութատեխնիկական անբավարար հագեցվածություն, կադրային վերազինման խնդիրներ»,- հայտնեց Արտակ Սահակյանը` հավելերով, որ երևանյան բուժհիմնարկների 11, իսկ մարզերում՝ 22%-ում առկա է նյութատեխնիկական հագեցվածության անբավարարության խնդիր։
Բուժհաստատություններում արձանագրված խախտումները շտկելու համար ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետն առաջարկեց, որպեսզի բոլոր հիվանդանոցներն, անկախ սեփականության ձևից, աշխատանքներ տանեն նշված թերությունները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակել մշտադիտարկումները։