Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը
ՌԴ վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:
“2012-2018-ի ծրագիր” անվանումը կրող փաստաթուղթը հասանելի է “Путин 2012” կայքում: Տեքստը կազմված է 4 գլուխներից, որոնցում ներառված են վերջին 10 տարիներին երկրում գրանցված արդյունքները եւ առաջիկա վեց տարիների համար իշխանությունների ծրագրերը: Հենց այս ժամկետով Պուտինը կնախագահի 2012-ի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում:
Իր նախընտրական ծրագրում Վլադիմիր Պուտինը խոստանում է ակտիվորեն պաշտպանել զանգվածային լրատվամիջոցներում բարոյական արժեքները: Այլ խոստումների թվում է ՌԴ բնակչությանը բավարար կենսաթոշակով եւ աշխատավարձով ապահովումը, առողջապահության եւ կրթության ոլորտում բարեփոխումները: Փաստաթղթում նշվում է նաեւ տնտեսության մոդեռնիզացիայի անհրաժեշտության եւ ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին:
Ավելի վաղ Պուտինի մամլո խոսնակը հայտարարել էր, որ նախընտրական ծրագիրը ամբողջովին գրված է վարչապետի կողմից: