Ջոն Քենեդիի գաղտնիքները բացահայտվել են
ԱՄՆ-ում հրապարակվել են Ջոն Քենեդիի գաղտնի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք մինչ այժմ պահվել են արխիվում: Դրանք վերաբերվում են ԱՄՆ 35-րդ նախագահի կյանքի վերջին ամիսներին:
Մասնավորապես, ձայնագրություններից երեւում է, թե ինչպես է Քենեդին քննարկում Վիետնամի կոլֆլիկտը, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները:
Հեռախոսազրույցներից մեկում Ջոն Քենեդին իր օգնականի հետ քննարկում է նաեւ 1963-ի նոյեմբերի 25-ին ինդոնեզիացի գեներալի հետ հանդիպման հնարավորությունը եւ նշում, որ դա բավականին ծանր օր կլինի: Եվ, ճակատագրի հեգնանքով, հենց այդ օրն է կայացել Քենեդիի հուղարկավարությունը:
Հեռախոսազրույցներում կան նաեւ ԱՄՆ նախագահի կյանքի ոչ պաշտոնական դրվագներ: Իր երեխաներին նա ներկայացնում է ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկին եւ նրանց ասում է, որ վերջինս ենթարկվում է Նիկիտա Խրուշչովին, ով երեխաներին Պուշկին անունով շուն է նվիրել: Ջոն Քենեդին այս ձայնագրությունները բոլորից գաղտնի է պահել եւ շատ հաճախ դժգոհել, որ իր ոչ բոլոր խոսքերն են ճիշտ մեկնաբանվում: