29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ

Էգեմեն Բաղըշ

Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը”` վկայակոչելով  “Թըդեյզ Զաման” թուրքական պարբերականին:  Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը:

Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, որ “անցյալ շաբաթ բողոք է ստացվել, որից մենք տեղեկացրել ենք, թե Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված 261-րդ հոդվածը”:

“Դատախազությունը լրջությամբ է վերաբերվում նման մեղադրանքներին, եւ բողոքի շուրջ քրեական գործ է հարուցվել”, – հայտնել է Ցյուրիխի դատախազը՝ հավելելով. “Հետաքննություն կանցկացվի՝ պարզելու, արդյոք Բաղըշն արտասանել է Հայոց ցեղասպանությունը հերքող բառերը, ինչպես նշված է բողոքի մեջ: Բացի դրանից, մենք կուսումնասիրենք իր կողմից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու հարցը”: “Ի վերջո, եթե նա իրոք խախտում է թույլ տվել եւ դիվանագիտական անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ, ապա մենք նրան մեղադրանք կներկայացնենք”, – հայտնել է Ցյուրիխի դատախազ Բրաունշվայգը:

Ըստ “Թըդեյզ Զաման”-ի, Բաղըշը որեւէ մեկնաբանություն չի ներկայացնի այս հարցի շուրջ այնքան ժամանակ, մինչեւ դատախազության կողմից չավարտվի նախնական հետաքննությունը:

Ի դեպ, անցած ամիս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովից հետո Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Բաղըշը այցելել է Ցյուրիխ, որտեղ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում, որտեղ  գործում է նմանատիպ օրենք:

“Մենք այժմ Շվեյցարիայում ենք, եւ ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը չեն եղել, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում խելացի մարդիկ ավելի շատ են, եւ որ Սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ օրինագիծը, չնայած այդ որոշումը մեզ համար ոչ մի նշանակություն չունի”, – հայտնել է Բաղըշը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ