Էմի Ուայնհաուսի հարսանեկան զգեստը գողացել են /ֆոտո/
Ռետրո սոուլ ոճի վաղամեռիկ երգչուհի Էմի Ուայնհաուսի տնից գողացել են նրա հարսանեկան զգեստը: Այդ մասին “the Sun” հանդեսին է պատմել նրա հայրը` Միչ Ուայնհաուսը, ով հայտնել է, որ պատրաստվում էր զգեստը աճուրդի հանել, սակայն այն անհետացել է:
Նա նշել է, որ իր դստեր տունը Լոնդոնի հյուսիսում վաճառքի է հանվել եւ այն իրերը, որոնք մնացել են այնտեղ, դասավորվում են եւ տեսակավորվում: Ներկայումս բազմաթիվ մարդիկ են այնտեղ լինում եւ հավանաբար գողը որոշել է օգտվել խառնաշփոթ իրավիճակից:
Բացի հարսանեկան զգեստից, որն Էմին հագել է 2006-ին Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հետ ամուսնանալիս, տնից անհետացել է նաեւ մեկ այլ զգեստ, որի վրայի նկարները թերթ էին հիշեցնում: Այդ զգեստով Էմին ելույթ էր ունեցել “BBC”-ի շոուին նույն 2006-ին:
Երգչուհու հայրը նշել է, որ հարսանեկան զգեստի նախնական գինն աճուրդում 100 հազար, իսկ թերթ հիշեցնող զգեստը` 30 հազար ֆունտ ստեռլինգ էր նախատեսված: Աճուրդներից ստացված հասույթները փոխանցվում են Էմի Ուայնհաուսի անվան հիմնադրամին, որն օգնում է այն երեխաներին եւ դեռահասներին, ովքեր դժվար պայմաններում են հայտնվել: