ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն հայտնի կդառնա օգոստոսի վերջին
Կոնգրեսական Ռոն Փոլը հաղթանակ է գրանցել Վիրջինյան կղզիներում անցկացրած հանրապետական կուսակցության մրցապայքարում` իր օգտին գրանցած ձայներով, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ապահովել է հանրապետական կուսակցության ապագա համագումարի պատվիրակների մեծ թվով ձայները, տեղեկացնում է “РИА Новости”-ն:
Ինչպես նշում են ամերկյան ԶԼՄ-ները, քվեարկության նման անսպասելի արդյունքները Վիրջինյան կղզիներում պայմանավորված են այս տարածքի անսովոր ընտրական համակարգով: Համագումարի մասնակիցներից յուրաքանչյուրն առանձին քվեարկում է որեւէ թեկնածուի օգտին եւ դրանից զատ որոշում` ինչպես պետք է քվեարկի “խաղարկվող” պատվիրակներից յուրաքանչյուրը: Արդյունքում` Ռոմնին ստացել է պատվիրակների 7 ձայն, իսկ Փոլը` 1: Կոնգրեսականի համար մխիթարանք կարող է լինել միայն այն, որ նա հավաքել է 112 ձայն, իսկ Ռոմնին` 101:
Ռոմնին հանգստյան օրերին բավականին հաջողակ է գտնվել` հաղթելով Գուամայում եւ Հյուսիսային Մարանյան կղզիներում ընթացած քվեարկողների ժողովի արդյունքում, ինչպես նաեւ Վայոմինգում, որտեղ նա պատվիրակների 12 ձայներից հավաքել է 7-ը: Քանզաս նահանգում հաղթանակ է գրանցել նախկին սենատոր Ռիկ Սանտորումը:
Հանրապետական կուսակցության համագումարը, որի ժամանակ կնշվի միասնական թեկնածուի անունը, տեղի կունենա օգոստոսի վերջին Ֆլորիդայում: Թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է հավաքել 1144 պատվիրակների ձայները: Ներկա պահին Ռոմնին առաջատարն է: ԶԼՄ-ների հաշվարկներով` նա արդեն ունի 454 ձայն:
Նախընտրական մրցապայքարի հաջորդ կարեւոր փուլը կկայանա մարտի 13-ին Ալաբամայում եւ Միսիսիպիում: