20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Ոչ թե հերթական զոհը, այլ հերթական հերոսը”

Կրտսեր եղբորս դասարանում սովորում էր մի լուսավոր աղջնակ՝ Վարդուհին, ում մանկական մտերմությունը եղբորս հետ հաճախ էր դառնում մեր անչար կատակների պատճառ:

Վարդուհու հարազատները՝ տատն ու պապը, ապրում էին Հադրութի շրջանի գյուղերից մեկում, և նրանք ընտանիքով հաճախ էին այցելում գերդաստանի ավագներին: Իսկ 1988 թվականից հետո, քանի դեռ Արցախը չէր մաքրվել խորհրդային իշխանության տարիներին սնկի պես այստեղ ու այնտեղ բուսած ադրբեջանական գյուղերից, Ղարաբաղի շրջաններ մեկնելը հաճախ հղի էր մահացու վտանգով:

Մի չարաբաստիկ օր, հերթական անգամ իրենց հարազատներին այցելելու մեկնող Վարդուհու ընտանիքը փոխադրող ավտոբուսը ենթարկվում է դարանակալ ադրբեջանական հրոսակախմբի  հարձակմանը: Բազմաթիվ խաղաղ բնակիչների թվում գլխին արձակված կրակոցից սպանվում է նաև 9-ամյա այդ անմեղ ու լուսավոր երեխան:

Ահա սա էր հայ-ադրբեջանական հակամարտության  իրականությունը, որի մասին այսօր ոմանք մոռանում են: 1990 թվականի այդ չարաբաստիկ օրը զենքի ձգանը սեղմող ադրբեջանցին ծնվել ու մեծացել էր Խորհրդային Միությունում, հաճախել խորհրդային դպրոց, շփվել հայ հարևանների հետ, չի բացառվում՝ անգամ ունեցել հայ ընկերներ:

Նա դպրոցում և հասարակության մեջ դաստիարակվել է ազգերի եղբայրության և ինտերնացիոնալիզմի  կարգախոսներով, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության  ընդամենը 2 տարին միանգամայն բավարար էին, որ այդ անանուն ոճրագործը մոռանա ոչ միայն ժողովուրդների  եղբայրության մասին տասնամյակներ շարունակ լսած քարոզները, այլ նաև մարդկային խիղճն ու սառնասրտորեն գնդակահարի փոքրիկ աղջկան:

Այսօրվա ադրբեջանցի ասկյարը ծնվել է անկախ Ադրբեջանում, հաճախել ադրբեջանական դպրոց: Ողջ գիտակցական կյանքի ընթացքում նրան ուղեկցել են Հ. Ալիևի հսկայական դիմանկարները, դպրոցում լսել է պատմության ուսուցչին, ով փրփրաբերան ապացուցել է, որ հայերը եկվորներ են, իսկ ադրբեջանցիները սերում են  Ազոխի քարանձավում հայտնաբերված նախամարդուց` “ազանտրոպից”:

Նրան մանկությունից ի վեր ներշնչել են,  որ հայերն են իր ընտանիքի սոցիալական վատ  վիճակի  մեղավորները, որ հայերը և ոչ թե Ադրբեջանի այդ տարիների նախագահ Ա. Մութալիբովին տապալել ձգտող ժողճակատականներն են սպանել Խոջալուի խաղաղ բնակիչներին: Այսօրվա ադրբեջանցին ատում է հայերին, և դա խրախուսվում է նրա պետության կողմից:

Այս մտորումները ծնվում են ամեն անգամ,երբ հայ-ադրբեջանական սահմանին  ադրբեջանական կողմի  կրակոցներից  հայ զինծառայող է զոհվում:

Կարելի է վստահ լինել, որ հայրենիքի պաշտպանությանը իր կյանքը նվիրաբերած ամեն հայ երիտասարդի մահվան դիմաց Ադրբեջանի զինված ուժերը հատուցում են մի քանի ասկյարի կյանքով: Հայ զինվորի հոգեբանությունն իմանալով՝ կարելի է վստահ լինել, որ իրենց ընկերոջ մարտական դիրքում  զոհվելու փաստը ավելի է համախմբում նրա զինակիցներին, տղաները տեսնում են, թե երբեմն ինչպիսի պահանջկոտ արժեք է հայրենիքի ազատությունը և զոհված ընկերոջ կիսատ գործը շարունակելը դարձնում են իրենց տղայական պատվի հարցը:

Նման միջադեպերի մասին գրում են հայկական բոլոր լրատավամիջոցները, սակայն որոշ վերնագրերը անկեղծ տարակուսանք են առաջացնում տարածաշրջանի իրողություններին փոքրիշատե ծանոթ մարդկանց մոտ:

Ոչ, պարոնայք, սահմանին ադրբեջանական գնդակից ընկած յուրաքանչյուր երիտասարդ հերթական զոհ չէ, նա հերթական հերոսն է, ով գնում է միանալու այս երկիրը կերտած իր ավագ եղբայրներին:

Հայաստանում խաղաղությունից պատերազմ ընկած ճանապարհը չափազանց կարճ է, անհրաժեշտ է ընդամենը մի ժամ վարել մեքենան և դու այնտեղ ես, որտեղ խրամատից գլուխդ հանելու դեպքում քեզ պարզապես կսպանեն՝ սառնասրտորեն ու առանց խղճմտանքի: Ցավոք սրտի, ոմանք այդ ճանապարհի  կարճության չափը այդպես էլ չեն հասկանում իրենց հարմարավետ ու անվտանգ կյանքի ողջ ընթացքում:

Ռազմական փորձագետ Սուրեն Սարումյան, Արցախ

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ