30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է. ՀՀԿ ԳՄ

hhk dproc
Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլատիվ փուչիկն էր, որ հրամցվում էր հայ ժողովրդին:
Այս էլ որերրորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա:
Դատապարտելի է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և այլ միջազգային դերակատարների կողմից իրականացված բոլոր միջնորդական ջանքերն այս կառավարիչների անմեղսունակության արդյունքում չեն բերել Արցախում և Հայաստանում իրավիճակի կայունացմանը, ռազմական գործողություններից զերծ մնալուն և խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգների չեզոքացմանը: Կրկնակի պարսավելի է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը:
Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին:
 
Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել:
Հարց է առաջանում. ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը:
Ամեն գնով խաղաղություն մուրացող կապիտուլյանտների իշխանությունը, տեղի ունեցածի վրա տևական ժամանակ աչք փակելուց հետո, հանկարծ որոշել է ձայն հանել, և այդ ուշացած արձագանքը ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ:
Ստեղծված իրավիճակը ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքն է, այլև գործող դավադիր իշխանությունների վերարտադրմանն ուղղված ջանքերի, որոնք կիզակետին են հասել 2021թ.-ի հունիսի 20-ի ընտրություններին:
 
Պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։
«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, ընտանիքներին, բարեկամներին, առողջություն մաղթում վերջին մարտերի ընթացքում վիրավորումներ ստացած մեր հայրենակիցներին:
 
Ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ:
 
ՀՀԿ Գործադիր Մարմին
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ