16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք չենք պարտվել, որովհետև եթե դու պարտվում ես, նշանակում է՝ քո հակառակորդը, քո թշնամին հաղթել է, իսկ պարտվելուց մինչև հաղթել լիքը բաներ կան․ Աղազարյան

Տրամաբանական կլիներ, երևի թե, որ պատերազմական իրողություններից հետո մի այնպիսի քաղաքական ուժ ձևավորվեր, որ ինքը առաջին տեղում լիներ, մենք երկրորդ տեղում լինեինք։ Երևի թե, տրամաբանական կլիներ, բայց դե, ցավոք սրտի, չեղավ դա, 24news.am-ի եթերում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա հավելել է, որ պարտված ուժը չպետք է վերարտադրվի, սակայն իրենք չեն պարտվել

«Պարտվող ուժը երբեք որևէ տեղ չպետք է վերարտադրվի, բայց, փաստորեն, մեր ժողովրդի մի հսկայական զանգված և ես՝ ձեր նվաստ ծառան, գտնում ենք, որ մենք չենք պարտվել։ Ասում եք՝ պատերազմում պարտվող ուժը պետք է հեռանա և չընտրվի որպես նոր իշխանություն։ Համաձայն եմ ձևակերպման հետ, որ անընդհատ փողահարում են, բայց ես ասում եմ, որ ժողովրդի մի հսկայական զանգված, որոնց մեջ նաև ես, գտնում ենք, որ չի պարտվել այս ուժը, դրա համար էլ ընտրել են», – ասել է նա։

Աղազարյանը նշել է նաև, որ իր թիմակիցներն իրեն քննադատում են, շատերը չեն համաձայնում կարծիքի հետ, որ չեն պարտվել, բայց ինքը նույն դիրքորոշմանն է մնում։

«Չենք պարտվել։ Պարտվելու հակառակը հաղթե՞լն է։ Համաձայն չեմ։ Պարտվելուց մինչև հաղթելը լիքը բաներ կան։ Շատ բաներ կան, որ մտածենք՝ շատ բաներ կան։ Ամենաքիչը՝ ոչ ոքին կա ու կա՝ սպորտային դաշտում, օրինակի համար։ Մենք չենք պարտվել, որովհետև եթե դու պարտվում ես, նշանակում է՝ քո հակառակորդը, քո թշնամին հաղթել է։ Կարո՞ղ ենք դնել սեղանի վրա, վերլուծել, թե թշնամու ծրագիրը որն է եղել և ինքը հարյուր միլիոնանոց հրոսակախումբը, չհաշված տեռորիստներ-մեռորիստներ, իր նպատակին հասե՞լ է։ Չի հասել մեր տղաների թափած արյան շնորհիվ։ Մեր տղաների թափած արյունը իզուր չի եղել, ինչպես բարբաջում են շատ-շատերը», – ասել է Աղազարյանը։

Շուշիի, Հադրութի կորուստը, նրա կարծիքով, վերականգնելի է. հնարավորություններ Աղազարյանը տեսնում է բանակցությունների միջոցով։

«Բանակցային գործընթացների արդյունքում ես կարծում եմ, որ մենք ռեալ հնարավորություն ունենք Արցախից հոշոտված տարածքների էական մասը վերադարձնել։ Զգալի մասը։ Հարցեր կան, չեմ ուզում եթերով ասել», – նշել է նա։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ