26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

Կառավարությունը ձախողել է առաջնահերթություն հռչակած կապիտալ ծախսերի կատարումը

195C5DB5-882E-4FE6-9E88-882D957CE312

Պետական բյուջեի եկամուտներին և մասնավորապես այս տարի դրանց կտրուկ նվազմանը հաճախ ենք անդրադառնում։ Սակայն, թե ինչպե՞ս է կառավարությունը ծախսում մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին հավաքաված գումարները, բացի ինքն իրեն պարգևավճարներ տրամադրելուց, պակաս կարևոր հարց չէ։

Այսպիսով, բացի պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմող կենսաթոշակներից, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերից, երկրի պաշտպանության ուղղվող ծախսերից, գոյություն ունեն այսպես կոչված կապիտալ ծախսեր։ Դրանք հիմնականում ուղղվում են ենթակառուցվածների՝ (ճանապարհներ, ջրագծեր և այլն), մշակութային, կրթական, առողջապահական և այլ օբյեկտների կառուցմանն ու հիմնանորոգմանը։ Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն կառուցում։ Լավագույն  դեպքում նրանք ուշացումով շարունակում և իրենց են վերագրում նախորդների սկսած ծրագրերը։

Կապիտալ ծախսերի կատարումը հատկապես կարևորվում է ճգնաժամային իրավիճակներում, երբ նվազում է մասնավոր հատվածի ակտիվությունը և պետությունը  փորձում է մի կողմից խթանել նվազող տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ կասեցնել գործազրկության  աճը։ Զարմանալի է, բայց անգամ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին տեղյակ։ «Տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում», ասել է նա չորս ամիս առաջ ու․․․ մոռացել։  Մինչ այդ հունվարին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյբուքայան էջում գրել էր «2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287,7 միլիարդ դրամի կապիտալ ծախս»: Այժմ տեսնենք, թե ճգնաժամի մեջ ավելի ու ավելի խորը ընկղմվող Հայաստանում ի՞նչ ծավալով է կապիտալ ծախսեր  իրականացրել կառավարությունը։

Այսպիսով, տարվա առաջին կեսին վերոնշյալ 287,7 մլրդ դրամ կապիտալ ծախսերից պետք է կատարվեին 118 մլրդ դրամի ծախսերը։ Սակայն կատարվել է  ընդամենը ․․․ 46,6 մլրդ դրամը։ Այսինքն, նախատեսվածի մոտ 40 տոկոսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած ճգնաժամը հաղթահարելու կառավարության առաջնահերթությունը ձախողվել է և նոր աշխատատեղերը չեն ստեղծվելու։ Այս դեպքում ինչ-որ շինարարությունների մասին համացանցում և հեռուսատատեսությամբ պտտվող տեսանյութերը փաստում են միայն մեկ բան՝ ծածկել ձախողումը և հերթական անգամ դատարկ խոստումներ տալ։ Հարց է առաջնում, իսկ ինչո՞ւ է այս կառավարությունը նման խայտառակ ձևով ձախողում բյուջեի ծախսերի և հատկապես կապիտալ ծախսերի իրականացումը։

Առաջինը՝ կապիտալ ծախսերի կատարման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համար ունակություններ և հմտություններ են պետք։ Այդպիսիք, բացառապես քայլելով աչքի ընկած իշխանավորները չունեն։ Պետական համակարգում աշխատող հին կադրերն էլ աստիճանաբար դուրս են գալիս համակարգից, իսկ մնացողների հնարավորություններն էլ չեն բավարարում այդ ծրագրերի իրականացման համար։  

Երկրորդը՝ ներկայիս իշխանությունները անհեթեթ խոչընդոտ են ստեղծել՝ պահանջելով պետական գնումներին մասնակցող ընկերություններից պայմանագրով սահմանված արժեքի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք ունենալ։ Այսինքն, կազմակերպությունն  պետք է սառեցնի այնքան գումար և նույնիսկ ավելի շատ, որքան աշխատանքներ կամ գնումներ է իրականացնելու։  Դա վանում է ընկերություններին, քանի որ նրանցից շատերը չունեն կատարվող աշխատանքի համար կրկնակի գումար պահանջվող միջոցներ, որոնց մեծ մասը պարզապես պետք է անշարժ դրվեն բանկում։ 110 տոկոս բանկային երաշխիքի պահանջն ուղղակի անհեթեթություն է։ 

Երրորդը՝ կոռուպիցայի դեմ պայքարը դրոշակ դարձրած, իսկ իրականում կոռուպցիայի մեջ ամենաշատը թաթախված իշխանության և նրա ղեկավարի քմահաճույքով ցանկացած պահի, ցանկացած տնտեսավարողին կոռուպիցայի մեղադրանք առաջադրելը ընկերություններին զերծ է պահում որևէ պետական ծրագրին մասնակցելուց։ Քանի որ մի օր էլ իրենք կարող են մեղադրվել կոռուպցիոն հանցանքի մեջ՝ դրանից բխող հետևանքներով։ Արդյունքում, մնում են միայն խոշոր ընկերությունները, որոնք գործող իշխանության հետ լավ հարաբերություններ ունեն կամ գործող իշխանությանը մոտ կանգնած են։ Սակայն նրանք չեն կարող կատարել կապիտալ ծախսերի պահանջվող ծավալը։

Այսպես թե այնպես, գործող իշխանությունը պարզապես տապալում է կապիտալ ծախսերը, դրանով հանդերձ չկարողանալով հակազդել տնտեսական ճգնաժամին և մեղմացնել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։

 

Արա Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ