02 Հունիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Տարասովն առաջարկում է ԼՂ հարցով ժամանակավոր զինադադարի համաձայնագիր կնքել․168.am

E83B5C59-99D8-4DFD-8FD2-6745B9346639

«168 Ժամ»ը գրում է․ «Իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին և ԼՂ հակամարտության գոտում ներկայումս առկա անվտանգային խնդիրներին։

Ստանիսլավ Տարասովը նախ անդրադարձավ Արցախում առաջիկայում կայանալիք ընտրությունները հետաձգելու մասին առաջարկ-պահանջներին՝ ասելով, որ դա, իհարկե, ԼՂՀ իշխանությունների ներքին գործն է, որին չի միջամտում Հայաստանը, և, առավել ևս՝ Ռուսաստանից դժվար է դրան անդրադառնալ։

Ըստ նրա՝ երևում է, որ դրա վերաբերյալ Արցախում կան ներքին գաղափարներ, ընկալումներ։ «Մենք պարզապես համաշխարհային պրակտիկան դիտարկելով ենք գնահատում իրավիճակը։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, ամսի 22-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մեր նախագահը հետաձգեց դա կորոնավիրուսի տարածման պատճառով։

Նիկոլ Փաշինյանը ևս Սահմանադրական դատարանի հանրաքվեն հետաձգեց, իսկ ինչո՞ւ Ղարաբաղը չի անում նույնը՝ դժվար է ասել։ Այն փաստարկները, որ Ղարաբաղում չկա կորոնավիրուսով վարակված անձ, համոզիչ չեն, քանի որ Արցախն Իրանի հետ սահման ունի, իսկ Իրանի հյուսիսում պանդեմիայի էպիկենտրոն է ձևավորվել։ Պետք է հասկանալ, որ վիրուսը չի ճանաչում անձնագիր, ազգություն, ուստի ավելի նպատակահարմար կլիներ իրավիճակը գնահատել այլ դիտանկյունից, բայց կրկնեմ՝ խոսքն իմ անձնական կարծիքի մասին է, և բոլոր հարցերը որոշում են Ստեփանակերտն ու Երևանը»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ի՞նչ նշանակություն է ունենալու այն հանգամանքը, թե ում են այս ընտրություններում ոչ հրապարակային կերպով աջակցում ՀՀ իշխանությունները, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․ «Որքանով մենք գիտենք, բոլոր ղեկավարները՝ թե Նիկոլ Փաշինյանը, թե Բակո Սահակյանը, հրապարակային չեզոք դիրքորոշում են ստանձնել, և այս իրավիճակում դա ճիշտ մոտեցում է, հայերը քաղաքականապես զարգացած ժողովուրդ են, նրանք ունակ են ունենալ ընտրություն՝ առաջնորդվելով սեփական ներքին շահերով, և ում ընտրեն՝ նրա հետ էլ կաշխատեն։ Կարծում եմ՝ մոտեցումն այսպիսին է, իսկ Մոսկվան հակված է աշխատել և հարգել ցանկացած հաղթողի գալիք ընտրություններում»։

Ռուս քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը որևէ նախընտրություն չունի թեկնածուների շարքում։ Նրա խոսքով՝ իրենք կարող էին հետաքրքրություն ցուցաբերել, ավելին, ռուսական քարտ խաղարկել, սակայն, ինչպես տեսնում են, դիսկուսիան ներքաղաքական հարցերի և օրակարգի շուրջ է, տեղական լոկալ խնդիր է լուծվում։ Ուստի, Տարասովի հավաստիացմամբ, այս գործընթացում Մոսկվան միմիայն դիտորդի դերում է և ոչ ավելի։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերը միտված են իրավիճակի կայունացմանը՝ ինչպես ԼՂ հակամարտության գոտում, այնպես էլ՝ տարածաշրջանում։ Շատ բարդ իրավիճակ է ստեղծվում նաև տարածաշրջանում այս պանդեմիայով պայմանավորված: Այստեղ իրավիճակը դեռ երկար ժամանակ է լարված լինելու և հստակ է դառնալու, թե ով ով է։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերում, և ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում չենք տեսնում որևէ ուժ, որն այդ փաստը կասկածի տակ կդնի»,- ասաց Տարասովը:

Խոսելով կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից և հնարավոր անվտանգային խնդիրներից՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ ներկայումս իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում։

«Անդրկովկասյան երկրներն ունեն սահման Իրանի հետ, Անդրկովկասի բոլոր երկրները, թեև փակել են սահմանները, սակայն ապահովագրված չեն պանդեմիայից, վիրուսն անձնագրով չէ, և պանդեմիան կարող է տարածվել բոլորի վրա, և ճիշտ, մարդասիրական կլիներ, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը ստորագրեին ժամանակավոր համաձայնագիր՝ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին, թեկուզ շատ ժամանակավոր՝ այս կորոնավիրուսի պատճառով, քանի որ նման երևույթներն ազգություն չեն ճանաչում, այն տարածվում է և ախտահարում է հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին, ում ցանկանաք։

Այս իրավիճակում քաղաքականություն վարելը ողջամիտ չէ, Աստված չանի, որ պանդեմիան լրջորեն տարածվի, իսկ գագաթնակետը դեռ առջևում է, այս իրավիճակում ամեն խնդիր երկրորդ պլան է մղվում։ Շատ կիրթ մոտեցում կլիներ, եթե ղեկավարներից մեկը հանդես գար նախաձեռնությամբ՝ ստորագրել ժամանակավոր համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Սիրիայի և Իդլիբի օրինակով մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսն այնտեղ նպաստում է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունն էապես կրճատվի, սա անվտանգային խնդիր է»,- նման կարծիք հայտնեց Տարասովը՝ շարունակելով, որ գալիս է մի պահ, երբ պետք է սթափվել, կանգ առնել և մտածել, թե ինչպես առաջ շարժվել հետո, ինչն է առաջնային և ինչը՝ երկրորդային։

Նրա խոսքով՝ պանդեմիան երևույթ է, երբ միլիոնավոր մարդկանց է վերացնում, սա այնպիսի երևույթ է, որին պատմության տարբեր փուլերում առնչվել է նաև այս տարածաշրջանը. Խլվել են բազում կյանքեր։

«Ո՞ւմ է պետք իր ետևից դատարկ դաշտեր թողնել, պանդեմիան փոխում է աշխարհագրական սահմանները, վերացնում է քաղաքական ռեժիմները, փոխում է երկրների կառուցվածքը, դրան շատ լուրջ է պետք վերաբերվել, պետք է կանգ առնել։ Փաշինյանն ու Ալիևը միջազգային հանրության մեծ հարգանքին կարժանանային, եթե պայմանավորվեին հրադադար հաստատել առցանց եղանակով, թեկուզ կարող են նաև պայմանավորվել և դադարեցնել երկու-երեք ամսով, որից հետո կարող են շարունակել հարաբերություններ պարզել»,- ասաց Տարասովը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար», մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև: Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից՝ այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը: Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ