02 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

Քրիստոնեական համայնքն իր առաքելությամբ պետք է ընդառաջ գնա մյուսներին. Ֆրանցիսկոս Պապ

image_750x_5d2c70a47d284_1563195935

Հիսուսը լիակատար Աստված լինելով՝ ամբողջությամբ ընդունեց մարդկային բնությունը, որի զորությամբ «վերամիավորում է» այն, ինչը բաժանված էր

Հիսուս Քրիստոսի Մկրտության Տոնը մեզ խրախուսում է նորից բացահայտել մեր մկրտությունը, որի ամսաթիվը մենք հաճախ չենք էլ հիշում: Եկե՛ք իմանանք և այդ օրը նշենք մեր սրտերում, հորդորեց Ֆրանցիսկոս Պապը հունվարի 12-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

Ծիսակարգը մեզ առաջարկում է Հիսուս Քրիստոսի մկրտության պատմությունը Մատթեոսի Ավետարանից (տես 3,13-17), ընդգծեց Նորին Սրբությունը: Հիսուս մկրտություն է խնդրում, սակայն Հովհաննես Մկրտիչը ցանկանում է Նրան մերժել՝ բացականչելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս» (Մտ. 3,14): Հիսուսի այս որոշումը զարմացնում է Մկրտչին. իրոք, Փրկիչը մաքրվելու կարիք չունի, Նա Ի՛նքն է մաքրում ուրիշներին: Սակայն Հիսուսը շեղվում է Փրկչի մասին մարդկային պատկերացումներից. «Աստված Սուրբ է, Նրա ճանապարհը մարդկային ճանապարհ չէ, և Հիսուսն Աստծո ճանապարհն է, անկանխատեսելի ճանապարհ: Չմոռանա՛նք այն մասին, որ Աստված գործում է անկանխատեսելի կերպով»,-պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը:

Հովհաննեսը գիտի, որ իր ու Հիսուսի միջև այնպիսի հսկայական անդունդ գոյություն ունի, որ, ինչպես հենց Հովհաննեսն ինքն է ասում «ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները» (Մտ. 3,11): Սակայն Աստծո Որդին եկել է մարդու և Աստծո միջև գոյություն ունեցող հենց այդ անդունդը լցնելու, վերացնելու համար, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը. «Հիսուս լիակատար Աստված լինելով՝ ամբողջությամբ ընդունեց նաև մարդկային բնությունը», որի զորությամբ «վերամիավորում է այն, ինչը բաժանված էր»: Այդ իսկ պատճառով Նա Հովհաննեսին տալիս է հետևյալ պատասխանը. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ կատարենք Աստծո ամեն արդարություն» (Մտ. 3,15):

«Փրկիչը խնդրում է Իրեն մկրտել, որպեսզի կատարվի ամեն արդարություն, որպեսզի իրականանա Հայր Աստծո ծրագիրը, որն ընդգրկում է որդիական հնազանդության և թույլ ու մեղսավոր մարդկության կարեկցանքի ճանապարհը: Դա ճանապարհն է խոնարհության և Աստծո մերձավորության Իր զավակներին»:

Եսայի Մարգարեն օրվա առաջին ընթերցման ժամանակ նույնպես հռչակում է ճշմարտությունը Աստծո Որդու մասին, ով ընդդիմանալով աշխարհի ոգուն՝ Իր առաքելությունն է կատարում. «Նա չի աղաղակելու և չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, ջախջախված եղեգը նա չի ջարդելու, և առկայծող պատրույգը չի մարելու, այլ արդարությամբ դատաստան է տեսնելու» (Ես. 42, 2-3):

«Այս հեզությունը, որը Հիսուս մեզ սովորեցնում է Իր խոնարհությամբ, հանդիսանում է անկեղծության, հարգանքի, զսպվածության և համեստության, բոլոր այն որակների արտացոլումը, որոնք այսօր ևս անհրաժեշտ են Աստծո աշակերտներին: Ցավալի է խոսել այդ մասին, սակայն Աստծո քանի՜ աշակերտներ են պարծենում Հիսուս աշակերտ լինելու անունով՝ իրենք իրենց մյուսներից վեր դասելով: Ինքն իրեն բարձրացնող ուսանողը վատն է: Լավ աշակերտը հեզ ու համեստ է, նա բարիք է գործում՝ առանց ինքն իրեն ցուցադրելու: Քրիստոնեական համայնքն իր առաքելությամբ պետք է ընդառաջ գնա մյուսներին՝ միշտ առաջարկելով, ոչ թե՝ պարտադրելով, այլ՝ վկայելով, մարդկանց իրական կյանքին մասնակից դառնալով»:

Տիրոջ Մկրտության տոնին մենք կրկին բացահայտում ենք մեր մկրտությունը, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

«Ինչպես Հիսուս՝ Աստծո սիրելի Որդին, այնպես էլ մենք՝ վերածնված ջրով ու Սուրբ Հոգով, գիտենք, որ մենք ևս Աստծո սիրելի զավակներն ենք, Աստծո բերկրանքի պատճառը, շատ այլ եղբայրների եղբայրները, և մենք մեծ առաքելություն ունենք կատարելու՝ բոլոր մարդկանց վկայել ու հռչակել Հայր Աստծո անսահման սերը»:

Տիրոջ Մկրտության տոնը մեզ հիշեցնում է մեր մկրտությունը: Մկրտվելով՝ մենք նույնպես վերածնվեցինք: Մկրտությամբ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի ապրի մեր մեջ: Դրա համար էլ անհրաժեշտ է իմանալ մկրտության օրը, ընդծեց Ֆրանցիսկոս Պապը՝ նշելով, որ դա պահանջում է արդարության պարտքը, պարտականությունը Աստծո նկատմամբ, «Ով այնքան բարի է մեր նկատմամբ»:

Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ