27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյան-Ալիև հանդիպումը զուտ հետախուզական հանդիպում էր. Վիգեն Հակոբյան

«Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ սա մեր նոր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտն էր Արցախի բանակցություններում։ Մինչև այդ մի քանի հանդիպումներ Ալիևի հետ արդեն եղել էին, բայց այդուհանդերձ, դրանց չէր տրվում որևէ պաշտոնական կարգավիճակ։ Կարծում եմ՝ միջազգային դերակատարների համար շատ կարևոր էր, թե, ի վերջո, ինչ վարքագիծ է դրսևորում ՀՀ այսօրվա ղեկավարը, ինչ տակտիկա ու մեթոդոլոգիա է ընտրում բանակցային գործընթացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացին մասնակցելու առումով ՀՀ վարչապետը փորձի պակաս ունի, քանի որ Ալիևն այդ գործընթացին մասնակցում է արդեն 2003 թվականից, և դրանով էլ պայմանավորված,  հանդիպման հետ կապված մեծ հետաքրքրություն կար ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ու միջազգային հանրության շրջանում։

Ըստ նրա՝ որևէ մեկը չի ակնկալել, որ այդ հանդիպումը կարող էր ինչ-որ արդյունքներ տալ, և հանդիպումից հետո ինչ ստացվել է՝ այն մաքսիմումն է, ինչ ակնկալում էին պրագմատիկ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները։

«Փաշինյան-Ալիև հանդիպումը զուտ հետախուզական հանդիպում էր, քանի որ այս բանակցություններում յուրաքանչյուր կողմ՝ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Մինսկի խումբը և նրա թիկունքում կանգնած աշխարհաքաղաքական կենտրոնները, ունեն իրենց սեփական քաղաքական օրակարգը։ Պարզ է, որ այդ հանդիպմանն Ադրբեջանը գնացել էր իր սովորական օրակարգով՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևով, որն ինչ-որ չափով բխում է «Մադրիդյան սկզբունքներից»։ Փաշինյանն էլ գնացել էր իր օրակարգով, որի մասին հայտարարել էր Արցախի հետ անվտանգության համատեղ նիստի ժամանակ՝ բանակցային ձևաչափի վերականգնում, պարզաբանումներ երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ և հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կետերը։

Մինսկի խումբն էլ իր օրակարգն ուներ, որի գլխավոր խնդիրն էր՝ վերականգնել բանակցությունների պաշտոնական կարգավիճակը»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Նրա կարծիքով՝ հանդիպումից  որևէ բան գաղտնի չի պահվել, և կողմերը մաքսիմում ասել են այն, ինչ պետք է ասեին։

Այդուհանդերձ, քաղտեխնոլոգը չի ժխտում, որ բանակցություններում կար պատերազմի «ներվը»՝ թեկուզ ակնարկների ձևով, որով էլ պայմանավորված՝ հանդիպումից մի քանի ժամ անց ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանը հայտարարեց, որ հայկական կողմի ռազմական ստրատեգիան փոխվել է և պաշտպանությունից անցնում է հարձակողականի, որին ի պատասխան՝ Ալիևն ապրիլի 2-ին հայտարարեց, որ ավարտվել է պատերազմի միայն «առաջին փուլը»։

Քաղտեխնոլոգն Ալիևի այդ հայտարարությունը որակում է սովորական հռետորաբանություն, որը կշարունակվի նաև առաջիկայում։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը հասկացել է, որ շտապելու տեղ չունի, այսինքն՝ սա այն թեզն է, որ մինչև հակառակորդը չասի, թե ինչ է զիջելու, հայկական կողմը չպետք է խոսի փոխզիջումների մասին։ Իմ համոզմամբ՝ մենք շտապելու տեղ չունենք։ Շտապելու տեղ պետք է ունենա այն կողմը, որն անընդհատ ասում է, որ «կորցրել է տարածքների 20 տոկոսը»»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, Վիգեն Հակոբյանը նկատեց՝ Պաշտպանության նախարարը միշտ պետք է կոշտ լինի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ