16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանական գազը Հայաստանով տարանցելու ծրագիրն ուտոպիա է, չունի տնտեսական բովանդակություն, չունի պատվիրատու. փորձագետ

«Իրանական գազը Հայաստանով տարանցելու գաղափարները մոտավորապես  15 տարվա պատմություն ունեն, 15 տարի առաջ քննարկվել են, և որևէ բան չի փոխվել այդ ծրագրերի «կողմ» և «դեմ» փաստարկների հարցում»,- այս մասին 168.am-ին ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի Իրանում արած հայտարարություններին:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ասել էր, որ Իրանի հետ էներգետիկ ոլորտում  համագործակցությունը կարևոր է: «Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն՝ մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է՝ գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ կարևոր էր այն արձանագրումը, որ մենք արեցինք բանակցությունների ընթացքում. դա այն է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկենք առավել լայն համատեքստում և իրականացնենք ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքն առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Փաշինյանը:

Մոդեստ Կոլերովը նշեց, որ այդ գաղափարները մոտավորապես  15 տարվա պատմություն ունեն:  Ըստ նրա, դեռևս 15 տարի առաջ  խոսվում էր նման գազամուղի մասին, որը պետք է Հայաստանով անցներ և շարունակություն ունենար: «Այն ժամանակ արդեն  բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները ներկայացվել էին: «Կողմ»-ը Դուք ևս կարող եք նշել, թե ինչ լավ է դա, իսկ «դեմ»-ի մասին մի քանի փաստարկ կներկայացնեմ՝ չծանրացնելով Ձեզ փաստարկներով: Ամենալուրջ «դեմ» փաստարկն այն էր, որ չկա ընկերություն, երկիր, մարդ, ով այդ գազամուղի համար կվճարի, և  վճարի այնպես, որ այդ գումարներն արդարացված լինեն:  Այդ գազամուղը պետք է ինչ-որ տեղ շարունակություն ունենա, դա Վրաստանի խնդիրն է, իսկ հետո ՞, Վրաստանը կկառուցի իր մոտ հեղուկ գազի տերմինալ, իսկ հետո ՞… Այս հարցերը նոր պատասխաններ չունեն»,- ասաց Կոլերովը:

Մյուս խնդիրը, ըստ նրա՝ հետևյալն է`  որքա՞ն գազ  է Իրանը պատրաստ մատակարարել, երբ հայտնի է, որ  հենց Իրանի հյուսիսում իրանական  գազի դեֆիցիտ կա,  և հենց այդ պատճառով իր հյուսիսային շրջանների կարիքները բավարարելու համար Իրանը գազ է ներկրում Թուրքմենստանից:  «Այսինքն` որպեսզի տարանցիկ, լավ գազամուղը հասնի Հայաստան, պետք է  անցնի Իրանի հարավով, որտեղ գազի «ծննդավայրն» է: Սա ուտոպիա է, իմ կարծիքով, ուտոպիան քննարկել կարելի է, բայց ես չեմ կարծում, որ Փաշինյանը ցանկանում է ծիծաղելի երևալ»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը:

Նա նշեց, որ տարանցիկ գազամուղի բոլոր փաստարկներն ակտիվ կերպով քննարկվել են  2005 թվականին:

«Որևէ նոր բան տեղի չի ունեցել և չի փոխվել, այդ գազամուղը չունի տնտեսական բովանդակություն, չունի պատվիրատու գումարով, դա շահավետ չէ, ուստի դրա քննարկումն անիմաստ եմ համարում»,- ասաց Կոլերովը:

Ուստի, նրա համոզմամբ՝ ավելորդ է քննարկել՝  ներկայումս սա համաձայնեցվա՞ծ է ռուսական կողմի հետ բարձր մակարդակով, թե՞ ոչ, քանի որ այս քննարկումները եղել են վաղուց, և ակտիվ ընթացք չեն տրվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ