16 Փետրվարի, Saturday, 2019

Հարյուր, թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների. Թևան Պողոսյան

6316088

«Անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է: Մեր կառավարության ծրագրում էլ այդ ընկալումը պետք է լինի: Ցանկացած մոտեցում, բարեփոխում պետք է միտված լինի մեր անվտանգության ամրապնդմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ անվտանգության  կարևոր խնդիրներից մեկն էլ արցախյան հիմնախնդիրն է:

«Կառավարությունն արդեն հայտնել է իր մոտեցումները, որն է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Հայաստանն Արցախին վերաբերող խնդիրների շուրջ չի բանակցելու, և դրա հետ միասին, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի բնակցության երաշխավորը, ապահովելու է նրա անվտանգությունը»,- նշեց Թևան Պողոսյանը:

Խոսելով Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ լինելու մասին՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահն ասաց, որ իր պատկերացմամբ՝ դա գալու է այն ժամանակ, երբ խոսելու ենք հարցի կարգավորման մասին:

«Մինչև այդ կարգավորման փուլը՝ անվտանգության թեմայով հազարավոր բանակցություններ կարող են տեղի ունենալ:  Հայաստանը Տավուշի մարզում ու Նախիջևանում ևս ունի նույն ձևի առաջնագիծ: Արցախը մեր աստվածայինն է, ձեռք չենք տալու, Ադրբեջանի իշխանություններ, ցանկանո՞ւմ եք, գնացե՛ք, Արցախի իշխանության հետ նստեք, այս հարցերը քննարկեք: Իսկ Հայաստանը տարածաշրջանում ունի շահեր, որոնց շրջանակներում էլ պատրաստ է բանակցել:

Այս բանակցային դաշտի բաժանումն այսպես եմ պատկերացնում: Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն՝ այդ քաղաքականությունը կյանքի կոչելու: Փաշինյանը չի հրաժարվելու իր ասածից, որովհետև դա է խոստացել, մենք էլ դրա համար քվեարկել ենք: Դրսում՝ հատկապես Ադրբեջանում, պետք է հասկանան, որ սա է լինելու ճանապարհը: Հարյուր թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Ադրբեջանն Արցախի հետ բանակցային սեղան չի նստի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահը նկատեց.

«Հենց որ ասում են՝ երբեք չի համաձայնի, միանգամից փորձում եմ հիշել հարցի զարգացումը՝ սկսած 1921 թվականից: Սկզբում չէին բանակցում, 1988թ. եղավ հարցի բարձրացումը, կրկին չէին բանակցում կամ ստիպված Մոսկվա էին գնում խոսում, պատերազմ տեղի ունեցավ՝ իրենց կողմից սանձազերծված: Հայկական կողմը հաղթեց, և Ադրբեջանն ի՞նչ արեց. Բիշքեկում գնաց ստորագրեց եռակողմ փաստաթուղթ նաև Արցախի իշխանության հետ: Մնացած փաստաթղթերը, որոնցում չկան երեք ստորագրությունները, կյանքի չեն կոչվել: Հիմա, երբ ասում են՝ երբեք չի լինելու, ասում եմ՝ 1994թ. մայիսին արել եք: Կամ, որ ասում են՝ չեն գնա բանակցելու:

Կարող է՝ Ալիևը չգնա, ես հենց այնպես չեմ ասում 100-200 տարին: Եթե ցանկանում են, որ հարցը խաղաղ լուծում ստանա, դա միայն խաղաղ միջոցներով է, բանակցություններով: Ադրբեջանում մեծացրել են մի սերունդ, որը մեզ ատում է, Ալիևն էլ կրկին Երևան հասնելու մասին էր խոսում: Ինձ համար իմ Երևանի անվտանգությունը սկսվում է մեր հայրենի Ակնայից: Գուցե կգա այն սերունդը, որը կհասկանա, ինչ-որ բաներ կփոխի, կնստի ու կբանակցի, եթե ցանկանում է այդ բարդույթով չմեծանալ»:

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ