11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Հասկանո՞ւմ եք չէ, տիկին Աննա Հակոբյան, թե դա ինչ է նշանակում

maxresdefault

Երևանում անցկացվում էին կին-առաջնորդների թրեյնինգներ, որոնց արդյունքներով մասնակիցներ պետք է ընտրվեին՝ Հայաստանը ներկայացնելու համար: Մասնակիցների քվեարկության արդյունքում 4-հոգանոց խմբի մեջ Վրաստանում կին-առաջնորդների սեմինարին մասնակցելու համար ընտրվեցի նաև ես: Քանի որ մինչ այդ ավարտել էի արդեն առաջնորդության ինստիտուտը, Թիֆլիսի սեմինարից մոտավոր ակնկալիքներ ունեի: Սակայն պարզվեց, որ այնտեղ մեզ լրիվ այլ բան է սպասվում:

Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, խոսնակներ Չեխիայի դեսպանատնից, որը սեմինարի ֆինանսավորողն էր: Առաջին օրը հագեցած էր «Կանանց դերը հասարակության մեջ» թեմայով, թե ինչքան կարևոր է կանանց ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ, և թե ինչ կարող են նրանք անել: Երկրորդ, երրորդ օրերը բացահայտեցին այդ հավաքի ողջ «հմայքը»:

Վրաստանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք նախաձեռնել են այս սեմինարի միջոցով կազմակերպել հայ և ադրբեջանցի կանանց երկխոսություն, ընդ որում հենց առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները շատ լավ տեղեկացված էին, թե ինչ պետք է քննարկվեր, այնինչ հայկական կողմը լրիվ այլ ակնկալիքներով էր եկել (հետո պարզվեց, որ հայկական կողմից կազմակերպիչներն էլ տեղյակ չէին): Մինչ հանդիպումը ադրբեջանցիները հերթով մոտենում էին մեզ և սրտաճմլիկ պատմում, թե իրենք բոլորը ծնունդով Ղարաբաղից են, սակայն թողել են իրենց տները, ընտանիքները բաժանվել են, հիմա թափառական են:

Կեղծիքը բացահայտվեց, երբ մասնակիցներից մեկն համոզում էր, որ ինքը Հադրութում է ծնվել, սակայն տարիքը 20 տարեկան էր, հետևաբար ադրբեջանցի լինելով՝ ֆիզիկապես արդեն չէր կարող Հադրութում ծնված լինել: Դրանից հետո վրացական կողմը կրկին ներկայացրեց, որ այս հավաքի կազմակերպման իմաստը հայ և ադրբեջանցի կանանց համախմբումն է նույն նպատակի շուրջ, որը կստիպի կանանց երկկողմանի՝ յուրաքանչյուրն իր երկրում, խաղաղության և զենքերը վայր դնելու կոչեր հնչեցնել և ստիպել կառավարությանը դադարել պատերազմը: Չեմ ուզում մանրամասնեմ հոգեբանական և էմոցիոնալ ճնշման բոլոր մեխանիզմները, Խոջալուի շուրջ ծավալված թեժ քննարկումները, ադրբեջանցիների քարոզչական տեսանկյունից լուրջ պատրաստվածությունը՝ ուղղակի կարևոր բովանդակությունը փոխանցեմ: Խնդրին մինչև վերջ ծանոթանալու համար սկսեցինք հարցեր առաջադրել, թե ինչպես պետք է այդ ամենը ըստ իրենց իրականացվի:

Մեզ խոստացան, որ դրա համար արդեն կան հստակ մշակված մեխանիզմներ՝ թե ինչպես կարելի է մտնել քաղաքական հարթակ, կազմակերպել ցույցեր, հանրային քննարկման նյութեր առաջադրել: Խոստացան, որ այս փուլում դրական արդյունքներ ունենալու դեպքում հաջորդ հանդիպումը կկազմակերպվի ԱՄՆ-ում, նույնպես անվճար, արդեն երկար ժամկետով և այնտեղ մեզ կսովորեցնեն բոլոր մեխանիզմները, կտրամադրեն գործիքներ, որոնցով կկարողանանք այդ խնդիրներն առաջ քաշել յուրաքանչյուրս մեր երկրում, ինչպիսի ակցիաներ կարող ենք կազմակերպել և այլն:

Եվ մնաց վերջին հարցը, որ տվեցինք ադրբեջանցիներին՝ իսկ ո՞րն է իրենց շահագռգվռածությունն այդ հարցում: Պատասխանեցին, որ ուզում են վերադառնան յուրաքանչյուրն իրենց լքված տները ապրելու՝ Հադրութ, Քաշաթաղ, Շուշի, Մարտակերտ: Հասկանո՞ւմ եք չէ, տիկին Աննա Հակոբյան, թե դա ինչ է նշանակում… Եվ այդտեղ մեր խումբը լուրջ քմծիծաղ տվեց, և հասկացրեցինք, որ ողջ հոգով և սրտով հետամուտ կլինենք այն քաղաքականությանը, որը տվյալ պահին իրականացնում է մեր կառավարությունը Արցախի հարցում և զենքով կպաշտպանենք մեր սահմանները: Եվ իհարկե, մեր խմբից ոչ մեկն ԱՄՆ չգնաց, և ընդհանրապես մեզ ջնջեցին այդ ծրագրից և մոռացան:
Տիկի՛ն Աննա Հակոբյան, մինչև Ձեզ շատերն անցել են այդ ճանապարհով, շատերին փորձել են ներգրավել նմանատիպ ծրագրերի մեջ:

Այդ խմբի մասնակիցները շատ լավ հասկանում էին, թե որտեղից են սկզբնավորվում պացիֆիստական կոչերի արմատները: Երկար ժամանակ հետևում էի ձեզ կոչերին, չէի ուզում խառնվել և գրել սրա մասին: Բայց չի կարելի, չի կարելի փամփուշտների փոխարեն զարդեր նվիրել: Հրեա կանայք զարդերը վաճառել են՝ փամփուշտներ գնել և իրենց երկիրը պաշտպանել: Թուրքերն ու քրդերը միշտ զինված են եղել, որովհետև իրենց կանանց աչքը միշտ հայ կանանց զարդերի վրա է եղել…

Ձեր տղան հիմա ապահովված բանակում է ծառայում, իմ եղբայրներն ու ընկերներն ստեղծել են Արցախի բանակն իրենց կյանքի հաշվին, ծառայել են ամենավատ տարիներին, իրենց կյանքի առաքելությունն են դարձրել Արցախի ազատագրումը: Այս կարգի պացիֆիզմը քրիստոնեական չէ, այդ պացիֆիզմը թույլ է տալիս չարիքին բազմանալու: Այդ ծայրահեղ պազիֆիզմը խաբկանք է, որը կարող է բերել ավելի մեծ չարիքների: Պետք չէ գերագնահատել սեփական ուժերն ու կարողությունները: Սուրբ Հայրերից ու Մայրերից ավելի սուրբ չեք, որոնք պատվիրել են զենքով պաշտպանել սեփական հայրենիքը…

Միակողմանի՝ սահմանից այս կողմի պացիֆիզմը, ոչ մի կապ չունի մարդասիրության ու խաղաղասիրության հետ:

P.S. եթե այս քայլերը դիվանագիտություն կարող են համարվել, ապա վատ դիվանագիտությունը պացիֆիզմից էլ ավելի վտանգավոր է:

Ալմաստ-Ալլա-Մուրադյան

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ