18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճապոնացիներն ամեն ինչ ստեղծելիս հոգի են դնում դրա մեջ, հայերն ունեն դրա կարիքը. ճապոնացին՝ Հայաստանում

Տաիջի Նոթսունը Ճապոնիայից է, ներկայումս բնակություն է հաստատել Հայաստանում, ճապոներեն է սովորեցնում տեղացիներին: «Հայերից ջերմություն է բխում»,-ասում է նա: Պարոն Նոթսունի հետ Henaran.am-ը զրուցել է երկու երկրների կրթական համակարգի, Հայաստանի զարգացման, հայերի ու ճապոնացիների մասին:

Ճապոնացին՝ Հայաստանում:

Ճամփորդում էի դեպի Վրաստան որոշ ժամանակ առաջ, և այնտեղ հանդիպեցի ընկերներիս և մի հայ տղայի, ովքեր առաջարկեցին ճապոներեն սովորեցնել հայերին: Եվ քանի որ ես նախկինում արդեն եղել էի Հայաստանում, հավանել էի երկիրը, ասացի՝ ինչո՞ւ ոչ: Ընդհանրապես ես չեմ սիրում ապրել մի երկրում երկար ժամանակ:

Ես նախընտրում եմ գումար վաստահել, հավաքել, ապա ճամփորդել, ապա նորից նույնը: Հիմա մեկ տարով պայմանագիր ունեմ: Անկեղծ ասած՝ աշխատավարձը Հայաստանում ցածր է, այդ պատճառով չգիտեմ՝ մեկ տարի հետո այստեղ կլինեմ, թե ոչ, բայց եթե ստացվի՝ այս ընթացքում ավելի հարմար աշխատանք գտնել, կցանկանայի մնալ, քանի որ սիրել եմ ձեր երկիրը:

Հայաստանն ու հայերն՝ առաջին տպավորությամբ:

Ես եղել եմ ավելի քան 70 երկրում՝ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ամերիկայում, շատ հավանել եմ Հնդկաստանը: Այնտեղ կա հետաքրքիր մշակույթ, որը տարբերվում է բոլոր երկրներից: Բայց մարդիկ, ահա այն, ինչ ինձ առաջին հերթին գրավում է Հայաստանում:

Մարդիկ իսկապես բարի են, պատրաստ են օգնել ամեն հարցում: Ծառայության, այսինքն՝ սպասարկման որակն էլ է բարձր: Երևանը շատ մաքուր քաղաք է, իհարկե, Ճապոնիան, մասնավորապես Տոկիոն սուպերմաքուր է, սակայն եթե համեմատենք կովկասյան այլ քաղաքաների հետ՝ Երևանը մաքուր է: Ինձ գրավում է նաև հայկական ջուրը, այն շատ համեղ է, բայց այդ նաև անվճար, դա ֆանտաստիկ է: Աշխարհի ոչ մի երկրում ես նման բան չեմ տեսել: Ես եղել եմ Արագած լեռան գագաթին, Դիլիջանում և Սևանում այսքան ժամանակ: Հետաքրքիր վայրեր են ու գրավիչ զբոսաշրջիկների համար: Ինձ գրավում են հայկական պարերն ու ուտելիքը:

 2 ազգերը:

Ես կարծում եմ՝ հայերն ու ճապոնացիներն իրար նման են, երկուսն էլ բավական ավանդապաշտ են, պահպանողական են, ինչը մի կողմից լավ է, մի կողմից՝ վատ: Ես հոգնել էի ճապոնական հասարակությունից, ցանկանում էի փախչել: Չէ, խնդիրն այն չէ, որ իմ երկրուևմ ամեն ինչ տեխնոլոգիական է դարձել, այլ այն, որ մարդիկ այնտեղ միայն աշխատում են, վայելելու ժամանակ չկա: Ապրելու ժամանակ չի մնում: Հայերն ու ճապոնացիները նման են նրանով, որ երկուսն էլ շատ քաղաքավարի են, առաջին անգամ քեզ հետ հանդիպելիս նրանք ժպտում են, լավ վերաբերմունք ցույց տալիս, տվյալներ փոխանակվում, բայց դժվարը երկրորդ անգամն է: Դժվարն է ընկերներ դառնալը: Իսկ վրացիների հետ դա հեշտ է ստացվում. վրացիների սպասարկման որակը շատ վատն է, նրանք կոպիտ են, ես հաճախ եմ դժգոհել դրանից Վրաստանում, սակայն նրանք ազնիվ են, եթե քեզ չեն սիրում, ուրեմն չեն սիրում և վերջ, և նրանց հետ հեշտ է ընկերանալը:

Ե՛վ հայերը, և՛ ճապոնացիները ազգայնամոլության տարրեր ունեն, խնդիրն այն է, որ երկու երկրներն էլ մոնոէթնիկ են, տարբեր ազգերի ներկայացուցիչները մոտ 3 տոկոս են կազմում: Մեր ազգերը նաև, գտնում եմ, որ տոլեռանդ չեն օրինակ՝ միասեռականների նկատմամբ: Նայեք՝ պաշտոնապես համասեռամոլներ հասարակության մեջ չկան: 

Կրթական համակարգերը՝ Ճապոնիայում և Հայաստանում:

Ճապոնիայում  մարդիկ անգլերեն շատ լավ չեն խոսում: Հայաստանում երիտասարդների մոտ այդ խնդիրը չկա, մեծահասակներն էլ հիմնականում ռուսերեն գիտեն: Այն, որ Հայաստանում արդեն երրորդ դասարանից անգլերեն են դասավանդում դպրոցներում, շատ լավ է, քանի որ Ճապոնիայում դա սկսում են անել շատ ուշ՝ 11-րդ դասարանում: Մեզ մոտ խնդիր է նաև այն, որ համալսարան ընդունվելը շատ բարդ է, քննությունը շատ դժվար են: Դրա համար դիմորդները դպրոցին զուգահեռ հաճախում են այլ դպրոց (մասնավոր պարապունքների նման-հեղ.), պարապունքները հիմնականում երեկոյան են լինում ու շաբաթվա ոչ աշխատանքային օրերին: Այսինքն՝ հանգստի համար ժամանակ չեն ունենում, և երբ արդեն համալսարան են ընդունվում, այնքան հոգնած են լինում, որ սովորել չեն էլ ցանկանում: Իսկ դիպլոմ ստանալն արդեն հեշտ է: Նույն համակարգն է նաև Ճապոնիայում և Հարավային Կորեայում: 

Հայաստանում դեռ որոշ բաներ պահպանվում են կոմունիստական կրթական համակարգից, ինչը ինձ դուր է գալիս: Առավելություններ կան նաև. ուսանողները շատ հնարավորություններ ունեն արտասահմանում սովորելու: Միայն թե խնդիրն այն է, որ այստեղ աշխատանքի շուկան ու համալսարանները, որքանով ես եմ նկատել, չեն համագործակցում: Մեզ մոտ ուսանողներն ավարտելուց մեկ տարի առաջ սկսում են հարցազրույցների գնալ ընկերություններում, դա պաշտոնական գործընթաց է: Եվ այդ ընկերությունները, եթե նրանց հավանում են, հրավիրում են աշխատանքի ուսումն ավարտելուց հետո: Այսինքն՝ արդեն նախքան համալսարանի ավարտը դու գիտես, թե որտեղ ես աշխատելու հաջորդ տարի:

Նորագույն տեխնոլոգիաները:

Ճապոնացիները շատ հոգևոր են, նրանք հավատում են, որ այն ամենն, ինչը դու ստեղծում ես, լինի դա համակարգիչ, թե ուտելիք, թե քանդակ, պիտի լինի իդեալական: Մենք հոգի ենք դնում դրա մեջ: Հայերն ունեն դրա կարիքը: Հավանաբար սա է պակասում հայերին ավելի զարգանալու նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպե՞ս Հայաստանը դարձնել ավելի հայտնի և գրավիչ տուրիստների համար:

Ես արդեն ասացի, որ մարդիկ շատ բարի են, շատ տուրիստներ լավ տպավորություն ունեն Հայաստանի մասին, գներն էլ են նորմալ այստեղ, նույնիսկ էժան են և հյուրանոցները, և ռեստորանները, ուտելիքը հրաշալի է, միակ խնդիրը կառավարությունն է, ավելի ճիշտ՝ կոնֆլիկտը, որ կա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Դուք շատ հնարավորություններ եք կորցնում: Բայց ես զբոսաշրջիկ եմ, և իմ գործը չէ, թե ինչ է կատարվում սահմանի վրա, միաժամանակ այլ զբոսաշրջիկների սա կարող է խանգարել, եթե լսեն, որ պատերազմ է ընթանում այս երկրում, միգուցե սխալ հասկանան: Բայց ասեմ բոլորին, ովքեր մտածում են այցելել այստեղ, թե ոչ, Հայաստանը շատ ապահով է, շատ:

Դուք ունեք շատ եկեղեցիներ, հետաքրքիր, տարբերվող ու գրավիչ բնություն, բայց գովազդի կարիք ունեք:

 

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ