27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոսկվան հիասթափված է. Բաքվի հարվածը անտրամաբանական է լինելու. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվել Ղարաբաղի շուրջ՝ մայիսի կեսերին գրանցված ռազմական սրացումից և դրան հաջորդած դիվանագիական որոշ զարգացումներից հետո:

– Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակումը ուղղակիորեն կապված է անվտանգության այս նոր միջավայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե՛ Մինսկի խումբը և թե՛ միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաստին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազգային հանրությանը մաս կազմելը:

Մյուս կողմից, հակամարտության ամենաարագ փոփոխվող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ մոտ ժամանակներում:

– Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկայացուցիչը:

– Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ: Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի եթե սա համաձայնություն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել: Խոսքը շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող միջազգային դիտորդների թվի ավելացման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին է: Ադրբեջանն առայժմ չի արել այն, ինչ նրանից սպասում են:

– Այսպիսով, Դուք կարծում եք, որ միջազգային հանրությունը բավարար լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու համար, այդ պատճառով համանախագահները այդքան սուր արձագանքեցին վերջին սրացմանը:

– Այո, զարմանալիորեն Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը շատ ավելի ուղիղ էր, հասցեական և կոշտ իր լեզվով, տոնայնությամբ՝ ուղղված Ադրբեջանին: Համանախագահները հստակ նշում էին, որ Ադրբեջանն է սկսել հարձակումը: Բայց մեկ այլ կարևոր իրադարձություն է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեության դադարեցումը: Գրասենյակի մանդատի երկարաձգման դեմ վետո կիրառելը կոպիտ սխալ էր Ադրբեջանի կողմից, որովհետև այդ գրասենյակը շատ կարևոր տարր էր ռուսական դիվանագիտության մեջ, քանի որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը մշտապես ղեկավարում էր ռուսաստանցի դիվանագետը: Ադրբեջանը հավանաբար առանց հասկանալու զայրացրեց Մոսկվային: Տարածաշրջանում ԵԱՀԿ-ի դիվանագիտական վերջին ներկայացուցչությունը հեռացնելը Մոսկվայի կողմից դիտվեց որպես հարձակում գրասենյակի ռուսաստանցի ղեկավարի դեմ:

– Կարծում եք՝ իրո՞ք լուրջ հակասություններ կան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

– Անշուշտ, Մոսկվան հիասթափված է այն փաստից, որ Ադրբեջանը գնալով ավելի անկանխատեսելի, անխոհեմ և վտանգավոր է դառնում Ռուսաստանի շահերի և քաղաքական նպատակների, ինչպես և Արևմուտքի համար: Այս համատեքստում Ռուսաստանը ճիշտ է այն հարցում, որ հիասթափված է Ադրբեջանի անկանխատեսելի բնույթից:

– Մինսկի խմբի նշված հայտարարությունը կարո՞ղ ենք համարել փոփոխություն համանախագահների դիրքորոշումներում, մոտեցումներում, թե ինչպես են նրանք արձագանքում միջադեպերին:

– Ընդհանուր առմամբ՝ ոչ: Ընդամենը մեկ հայտարարությունը մեկ մասնավոր միջադեպի մասին դեռևս չի նշանակում փոփոխություն երկարաժամկետ քաղաքականության մեջ: Առայժմ շատ վաղ է եզրակացություն անելու համար: Պիտի սպասենք և տեսնենք, թե արդյո՞ք կլինի փոփոխություն Մինսկի խմբի համանախագահող պետությունների քաղաքականության մեջ, բայց ամենայն հավանականությամբ չի լինի: Ավելին, հետագայում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համար ավելի դժվար է լինելու ընդհանուր մոտեցում ձևավորել և արտահայտել հարցի մասին՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում այս երեք երկրների շահերի բնական հակասությունները:

– Ճի՞շտ կլինի ասել, որ Մինսկի խմբի այս հայտարարությունը ինչ-որ առումով համանախագահների փոխհատուցումն է հայկական կողմին այն բանի համար, որ նրանք չեն կարողանում ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները՝ կապված շփման գծում հետաքննությունների ներդրման հետ:

– Երկար պատասխանն է՝ այո, իհարկե:

– Ռազմական որոշ փորձագետներ ասում են, որ ռազմական վերջին բախումները բարձրացրեցին հակամարտության սրացման մակարդակը: Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին:

– Սա բարձրացնում է կայուն էսկալացիայի մակարդակը դեպի վեր և սպասվում է, որ այս գործընթացը շարունակվելու է: Բայց ադրբեջանական կողմի հարվածը հայկական զինուժի ռազմական տեխնիկային ունի մեկ այլ հետաքրքիր հանգամանք՝ սա ուղերձ էր ոչ միայն Արցախին և Հայաստանին, այլև Մոսկվային, որովհետև ոչնչացված տեխնիկան մատակարարվել էր Ռուսաստանի կողմից:

– Իսկ հայկական բանակի պատասխան գործողությունները արդյունք կտա՞ն՝ Ադրբեջանին ռազմականորեն զսպելու իմաստով:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերն անում են առավելագույնը ընդդեմ թույլ, վտանգավոր և անկանխատեսելի հակառակորդի դեմ, և շատ առումներով դա ավելի դժվար է, որովհետև Ադրբեջանի բանակը անկանխատեսելի է և անկայուն իր վարքագծով: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հիմնված են ոչ թե ռազմական տրամաբանության, այլ ներքին քաղաքականության վրա և շատ դեպքերում տրամաբանական չեն ռազմական առումով: Այդ պատճառով բավական դժվար է պաշտպանվել նմանատիպ հակառակորդի քայլերից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ