16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանցիները հետաքրքրված են Հայաստանի առողջապահական համակարգով

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից    Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Արմեն Մուրադյանը ողջունելով պատվիրակության անդամներին` նշեց, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:

«Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում և գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասաց նախարարը` կարևորելով փոխայցելությունները:

Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:

«Վստահ ենք, որ հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծեց նախարարը:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:

«Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին՝

հանրային առողջապահության խնդիրները համատեղ քննարկելու նպատակով Հայաստանում կայանալիք նախարարական համաժողովին մասնակցելու իմ հրավերն ընդունելու համար»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ Մեղրիում բացվել է տարածաշրջանային նշանակության բժշկական նորագույն կենտրոն, որը կարող է գրավիչ լինել նաև Իրանի բժշիկների համար:

Համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու նպատակով հատկապես կարևորվեց հարևան պետությունների սերտ համագործակցությունը առողջապահության բոլոր ուղղություններով:

Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդիի խոսքով՝ իրենց երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է մեր երկրում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ:

Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ առանձնացվեց նաև դեղարտադրությունը: Քննարկվեցին դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակությունն կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ