13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2020
KFC

Պարոնայք նախագահներով

serj98

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը դեմ են, որպեսզի գործող նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնի Սահմանադրական փոփոխություններ: Եթե ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանը շատ ավելի վաղ էր հայտնել իր դիրքորոշումը, ապա Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցազրույցներով հայտարարեց` կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար:

«Իմ տեսակետը չի փոխվել. սահմանադրական փոփոխությունների որեւէ անհրաժեշտություն չկա: Այն էլ այսպիսի՝ արմատական բնույթի: Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական եւ խորհրդարանական ձեւերի միջեւ ընտրության մասին չէ»,- ասել էլ նախկին երկրորդ նախագահը: Ի դեպ Քոչարյանը բոյկոտելու է հանրաքվեն:

Իսկ, ահա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սահմանադրական հանրաքվեն որակել էր որպես անկանխատեսելի հետևանքներով հղի արկածախնդրություն.

«Ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ Ուստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության եւ այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել»: Կմասնակցի՞ Տեր-Պետրոսյանը` քվեարկելով «ակտիվ ոչ»-ի օգտին: Դատելով նրա թիմակիցների կոչերից` անպայման մասնակցել և ոչ ասել, թերևս` այո:

Նախօրեին Սերժ Սարգսյանն անդրադարձավ իր նախորդների` իր խոսքով «մերկապարանոց մեղադրանքներին»` մասնավորապես նշելով.

«Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն: Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ:

Այսօրվա աշխարհն էլ 10 կամ 20 տարի առաջվա աշխարհը չէ: Աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ենք. 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` Նախագահ և Խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ