27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում 2015թ-ի ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք

2014թ. դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը՝ 25,8մլն-ը բնակվում էր Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5մլն-ի: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

2014թ. ընթացքում մոտ 2 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 140 հազարը` մեր տարածաշրջանում։ Դա 65%-ով գերազանցում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի նոր դեպքերի թիվը: 2014թ. ընթացքում աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է 220 հազար երեխա:

2014թ. ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,2մլն մարդ, նրանցից 62 հազարը` մեր տարածաշրջանում:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

1988թ. մինչև 2015թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2015թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1528 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 686 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 41 դեպք (1,8%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 52%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (64,5%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (26%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1140-ի մոտ (կին` 289, երեխա` 24) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 172-ի մոտ՝ 2014թ. ընթացքում: Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ՁԻԱՀ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակով 140 հիվանդի մոտ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 495 դեպք: Մահացածների թվում կան 85 կին և 8 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (96,7%):

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ