30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բունդեսթագի օրակարգում է «ցեղասպանություն» եզրույթով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը

Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը Բունդեսթագի օրակարգում է ընդգրկվել հստակ` «ցեղասպանություն» եզրույթով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բունդեսթագի պաշտոնական կայքը, «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը նախատեսված է հունիսի 2-ին: Նախագծի ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:

«Միանգամայն հնարավոր է, որ խնդիրներ կան Անկարայի հետ, բայց Բունդեսթագը չի կարող շանտաժի ենթարկվել բռնապետ Էրդողանի կողմից: Բունդեսթագի համապատասխան որոշման դեպքում Թուրքիայի համար ավելի դժվար կլինի ժխտել Հայոց ցեղասպանությունը»,- Bild-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավար Թոմաս Օպպերմանն իր հերթին ընդգծել է, որ Գերմանիան՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից, ևս պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար: «Սա ընդհանրապես կախված չէ ներկայիս քաղաքական գործընթացներից, այդ թվում` փախստականների շուրջ ճգնաժամային իրավիճակից: Մենք չպետք է ընդունենք որևէ կեղծ որոշում»,- ասել է Օպպերմանը:

«Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերն էլ կարծիք է հայտնել, որ բանաձևի ընդունումը կարող է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Մենք այս աշխատանքով ցանկանում ենք օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի կառուցմանը»,- ասել է Քաուդերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ