23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ

Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրպետյանը։

«Ադրբեջանի պետական Az TV հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Այս տեսանյութից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ Վարդանյանի թեման լուրջ անհանգստություն է պատճառում Բաքվին, շատ կարևոր է, որ թեման չմոռացվի, դրա մասին խոսվի, միջազգային աղմուկը դա ճնշման կարևոր գործիք է։

Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։

Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ»,-նշել է նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ