Սիրիան տոնում է Անկախության օրը
Այսօր սիրիացիները նշում են Անկախության օրը` անգլո-ֆրանսիական զորքերի էվակուացիայի 66-ամյակը, տեղեկացնում է “Взгляд”-ը:
Այս տարի սիրիացիներն իրենց ազգային տոնը նշում են “խաղաղ դադարի” պայմաններում: Ապրիլի 12-ից ուժի մեջ է սիրիական բանակի եւ զինված ընդդիմության միջեւ կնքված հրադադարը, որին հաջողվեց հասնել ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի միջնորդության շնորհիվ:
Հրադադարի իրականացմանը հետեւելու համար Սիրիա են ժամանել ՄԱԿ-ի խաղաղարար դիտորդները: “Ճանապարհային քարտեզի” համաձայն կարգավորման հաջորդ փուլը կլինի ազգային երկխոսության անցկացումը:
Նախագահ Բաշար ալ-Ասադը, ով հենվում է բնակչության մեծ մասի աջակցության վրա, ինչի մասին վկայեց մարտին անցկացված` սահմանադրության փոփոխության քվեարկությունը, ցուցադրում է իր պատրաստակամությունը նման քայլի համար:
Ինչպես գրում է “Տիշրին” թերթը, “չնայած Սիրիայում տիրող իրավիճակի մասին ստերի հոսքին, կառավարությունը ոչինչ չունի թաքցնելու”: Թերթը նշում է, որ հենց այդ պատճառով է, որ “Դամասկոսում համաձայնել են միջազգային դիտորդների մուտքը թույլ տալ, իսկ վերջիններս շատ մոտ ապագայում կհասկանան` ով է իրականում կանգնած բռնությունների ալիքի ետեւում”: