19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուսանողները բողոքում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ուսանողները պահանջում էին, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` ակնկալելով վերջինիս ակտիվ միջնորդությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում:

‘Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարեւոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ միասնական ենք ու միշտ պատրաստ ենք միահամուռ պայքարել ցանկացած ստորության դեմ: Սա արդեն ազգային հարց է եւ մեծ կարեւորություն ունի’,- ասաց ապագա թուրքագետ  Գոռ Ավագյանը` հույս հայտնելով, որ ուսանողների ձայնը չի անտեսվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցների կողմից:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ սա նախազգուշական բողոքի ակցիա էր, եւ իրենց նպատակն այն չէր, որ հնարավորինս շատ ուսանողներ մասնակցեն այս ակցիային:

‘Արագ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում սրված իրավիճակին` որոշեցինք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնել մեր` ուսանողներիս նամակը: Արդյունքում այս բողոք-ակցիան կազմակերպվեց ոչ մեծաթիվ ուսանողներով: Այստեղ ոչ թե թվաքանակն է կարեւոր, այլ այն, որ առկա խնդիրը շտապ լուծում պետք է ստանա: Յուրաքանչյուր օր հակառակորդի կողմից կրակոցներ են լսում սահմանամերձ շրջանների բնակիչները ու իրենց կյանքին սպառնացող վտանգ զգում: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել է միջնորդական առաքելություն եւ պետք է կարգի հրավիրի ռազմատենչ Ադրբեջանին’,- ասաց Ցոլակ Ակոպյանը` հավելելով, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա իրենք այս անգամ պահանջելու են Հայաստանի իշխանությունից հզոր հակահարված տալ հակառակորդին, քանի որ այսպես այլեւս  հնարավոր չէ հանդուրժել:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին ԵՊՀ ուսանողները հանձնեցին իրենց ուղերձ-նամակը, որն արդարության էր կոչում վերջինիս: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչն ուսանողներին վստահեցրեց, որ իրենց ձայնը լսելի կլինի ամենաբարձր ատյաններում ու չի անտեսվի ոչ մեկի կողմից:

Նամակում մասնավորապես ասված էր.

‘ Ինչպես հայտնի է վերջին ժամանակահատվածում զգալիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում: Ադրբեջանական կողմից տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժել է նույնիսկ քաղաքացիական բնակչությունը. այսպես, սույն թվականի ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը կրակահերթ էր բացել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ, որից զերծ չի մնացել նույնիսկ գյուղի մանկապարտեզը: Հաջորդ օրը` ապրիլի 26-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 3 զինծառայող: Ադրբեջանական կողմը կրակել է նաև ԼՂՀ ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ` վիրավորելով երկու զինծառայողի:

Այս դեպքերը վկայությունն են Ադրբեջանի իշխանությունների վարած ռազմատենչ քաղաքականության, ինչը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին շրջանում գործադրած զգալի ջանքերի իրականացմանն ուղղված հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը:
Հաշվի առնելով վերոնշյալը` մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք ԵԱՀԿ-ին հանձն առնել համապատասխան միջոցառումներ` զսպելու ադրբեջանական ռազմատենչ իշխանությունների նմանատիպ վարքագիծը հետագա դժբախտ պատահարների կանխարգելման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով:
Ակնկալելով ԵԱՀԿ-ի ակտիվ միջնորդությունը` վստահեցնում ենք, որ ԵՊՀ ուսանողությունը հետամուտ է լինելու բարձրացված խնդրի լուծմանը’:

Henaran.am-ին հաղորդում են ԵՊՀ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ