24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու՞ է Օբաման չարչարում ինքն իրեն եւ հայերին

Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է զգում կատարել տարօրինակ եւ անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը եւ գտնել մի շարք բառեր բացի ցեղասպանությունից նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը:

Արդեն չորրորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի “Հայերի հիշատակի օրվա” համար նրանք գտել են մի տասնյակ բառեր, որոնք նկարագրում են Հայոց ցեղասպանությունն առանց օգտագործելու հենց այդ կոնկրետ եզրույթը: Երբ նրանց մոտ սպառվեցին ցեղասպանություն բառի hոմանիշները, նախագահի տքնաջան աշխատողները դիմեցին “Մեծ եղեռն” հայերեն բառերին առանց նշելու դրանց անգլերեն թարգմանությունը, որպեսզի հայերից բացի ոչ ոք չհասկանար, թե ինչի մասին է խոսում նախագահ Օբաման:

Ահա այս տարի նախագահի մարդկանց գտած  հոմանիշները. “վայրագություններ”, “գազանաբար կոտորված”, “աքսորի ճանապարհին մեռնել”, “անասելի տառապանքներ”, “մեռան”,  “պատմության մութ էջեր”, “1915 թվականին տեղի ունեցածը”, “անցյալի փաստեր”, “խլված կյանքեր”, “անիմաստ տուժածներ ու մահացածներ” եւ վերջապես` “Մեծ եղեռնի խավարը”: Ամեն ինչ, բացի ցեղասպանություն բառից:

Ցեղասպանության վերաբերյալ բանավոր մարմնամարզության մեջ ներգրավվելն անընդունելի եւ ոչ սազական է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Կարել է արդյո՞ք նման խեղճ ու կրակ ջանքերը բացատրել որպես Օբամայի կողմից իր դրժած խոստումները նվազագույնի հասցնելու անհույս փորձեր: Որպես նախագահի թեկնածու` նա բազմիցս եւ հանդիսավոր կերպով խոստացել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալով` նա թաքնվեց վիրավորական հայտարարությունների հետեւում, որոնք տրվում են ամեն տարի նրա անունով:

Վերջին չորս տարիների ընթացքում արված իր հայտարարություններում նախագահ Օբաման խուսափեց իր նախընտրական խոստումները կատարելուց` նշելով, որ “Ես շարունակաբար նշել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը: Այդ պատմության վերաբերյալ իմ  տեսակետը չի փոխվել”: Սակայն նա երբեք չփորձեց ամերիկյան հանրությանը ներկայացնել, թե հատկապես ինչ տեսակետ ուներ անցյալում, որն է դա այսօր, եւ թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Նա խորամանկորեն նվազեցնում է Հայոց ցեղասպանության կարեւորությունը` կոչելով այն “1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը”: Մինչդեռ 2008 թվականի հունվարի 19-ին, այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Օբաման, փորձելով ստանալ հայկական համայնքի փողերն ու ձայները, ոչ մի տարակուսանք չուներ կոչելու այս իրադարձություններն իրենց ճշգրիտ անունով: Այդ ժամանակ, նա ինքնավստահ հայտարարեց, որ “Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, սեփական կարծիք կամ տեսակետ չէ” եւ խոստացավ, որ “նախագահ դառնալով”` նա “կճանաչի Հայոց ցեղասպանությունը“:

Ցավոք, նախագահ Օբաման իր վարչակազմի միակ անդամը չէ, ով չի պահում այս հարցի կապակցությամբ իր նախընտրական խոստումները: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երկրի բարձրագույն պաշտոնատարներից երկուսը, տվել են նմանատիպ խոստումներ`ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ սենատոր էին եւ նախագահի թեկնածու: Մինչ փոխնախագահ Բայդենը ձայնը կտրել է, տիկին Քլինթոնը Հայոց ցեղասպանության ճանաչումը սատարողից դարձավ դրա գլխավոր հակառակորդը: Պետքարտուղար դառնալուց հետո, նա ակտիվորեն լոբբիստական գործունեություն ծավալեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսի բանաձեւը տապալելու ուղղությամբ:

Սպիտակ տան կողմից այս անիմաստ խեղկատակությունից չորս տարի անց Ամերիկայի հայկական համայնքն ունի երկու հիմնավոր պատճառ, որպեսզի խնդրի նախագահ Օբամային այլեւս հանդես չգալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով:

Առաջինը` չորս տարի անընդմեջ դրժելով իր խոստումը եւ ցեղասպանության վերաբերյալ բառախաղեր խաղալով` Օբաման բարոյական իրավունք չունի խոսելու այս չափազանց զգայուն եւ ցավալի թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ նախագահը դասեր տալ աշխարհում որեւէ մեկին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության մասին, երբ ինքն այդպես չարաշահել է իր սեփական ժողովրդի վստահությունը եւ կորցրել բոլորի վստահությունը: Նա պետք է դադարի չարչարել ինքն իրեն, իր աշխատակազմին եւ համայն հայությանը` չանելով “Հիշատակի օրվա» վերաբերյալ վիրավորական հայտարարություններ: Անիմաստ է նախագահ Օբամայի կողմից յուրաքանչյուր տարի այնպիսի հայտարարություններ անելը, որոնք հայերը չեն ցանկանում, չեն հավանում եւ վիրավորվում են:

Երկրորդ` ԱՄՆ մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեգանը, արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 1981 թվականի նախագահական հռչակագրով: Հայոց ցեղասպանությունը նաեւ ճանաչվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից 1975 եւ 1984 թվականներին, Արդարադատության նախարարության կողմից 1951 թվականին միջազգային դատարան ուղարկված պաշտոնական հաշվետվությունում եւ ԱՄՆ 42 նահանգների կողմից: Ուստի, հայկական համայնքը պետք է չխնդրի նախագահ Օբամայից կամ որեւէ այլ քաղաքական թեկնածուից ճանաչելու այն, ինչն արդեն իսկ բազմիցս ճանաչվել է:

Ցեղասպանության թեման չափազանց սուրբ թեմա է քաղաքական խաղաքարտ լինելու համար: Նրանք, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը, անում են դա, ոչ թե զոհերին լավություն անելու համար, այլ իրենց սեփական վարկանիշը եւ բարոյական կերպարը վերականգնելու համար:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գեւորգյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ