Տեր-Պետրոսյանի հաշվարկները չիրականացան. ինչո՞ւ է փլուզվում ՀԱԿ-ը
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսից շարունակում են կուսակցություններ հեռանալ: Երեկ ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարեցին “Հանրապետություն” եւ “Հայաստանի լիբերալ” կուսակցությունները: Չի բացառվում, որ “Հայաստանի պահպանողական” կուսակցությունն էլ կհետեւի նրանց: Ավելի վաղ, մինչեւ խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ից հեռացան “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնությունը, իսկ 1-1.5 տարի առաջ մի շարք առանցքային դեմքեր, որոնք դարձան “Ազատ դեմոկրատների”-ի կորիզը: ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումների շուրջ Henaran.am-ը զրուցել է “Ժառանգություն” կուսակցության գործող պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:
-Եթե հիշենք 2009 թվականին ՀԱԿ-ը կազմող կուսակցությունների փաստաթուղթը, այդ կառույցն ստեղծվել է սահմանադրական կարգը վերականգնելու եւ արտահերթ ընտրությունների հասնելու նպատակով: Հիմա, դուր գա դա ՀԱԿ-ին, թե ոչ, այն կազմող կուսակցություններն արձանագրում են, որ այդ նպատակին չեն հասել: Ավելին, կարող եմ համաձայնվել նրանց այն թեզի հետ, որ ՀԱԿ-ը բավականին շեղվել է այն նպատակից, որն իր առջեւ դրված է եղել:
Հաստատ չեմ կասկածում, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններն ընդունում են, որ վեց մանդատով խորհրդարան գնալը սահմանադրական կարգը վերականգնել չէ, հեղափոխություն անել չէ, դա անգամ թավշյա հեռափոխություն անել չէ, ինչին տրանսֆորմացվեց վերջին տարիներին, այսպես ասեմ, երգ ու պարի հեղափոխությունը: ՀԱԿ-ը կազմող ինքնուրույն քաղաքական ուժերը ուղղակի լքում են այդ կառույցն իրենց կամքով, այնպես, ինչպես անդամակցել են: Ես կարծում եմ, որ տեղի ունեցողը զուտ ՀԱԿ-ի հռչակած նպատակների եւ դրանց չհասնելու արդյունքում միանգամայան սպասելի էր:
–Այսինքն, Դուք այս գործընթացն օբյեկտի՞վ եք համարում:
-Միանշանակ, բոլոր հետընտրական դաշինքները, որոնց նպատակը եղել է նախորդ ընտրությունների արդյունքների հաղթահարումը, երկար կյանք չեն ունեցել, այդպիսին պետք է լիներ նաեւ Հայ ազգային կոնգրեսը:
– Կոնգրեսը դեռ հրապարակավ հայտարարում է իր հռչակած նախնական նպատակին հավատարիմ մնալու մասին:
-Գիտեք, ՀԱԿ-ը կարող է երկար ժամանակ կրկնել, որ ինքը շարժվում է դեպի հեղափոխություն կամ դեպի արտահերթ ընտրություններ, բայց նաեւ պետք է հասկանա, որ դիմացինն էլ իրավունք ունի հավատալ կամ չհավատալ դրան եւ, միեւնույնն է, եթե անգամ ինքը դա կրկնում է, դրանից բան չի փոխվում:
–Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի քաղաքական գծի վերջին փոփոխությո՞ւնն ազդեց կամ արագացրեց այն գործընթացը, ինչի ականատեսն ենք, նկատի ունեմ ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղը:
-Եթե որպես վերլուծաբան նայենք, ՀԱԿ- վրա ազդեցին այն բոլոր հաշվարկները, որոնք կատարել էր Տեր-Պետրոսյանը եւ դրանք չիրականացան: Այսինքն, մերթ արտաքին գործոնների միջոցով փոխել իշխանությունը Ղարաբաղի խնդրի հաշվարկով, որը չիրականացավ, մերթ փոխել` ներքաղաքական խնդիրների օգտագործմամբ, որը կրկին չարդարացավ: Բնականաբար, ազդել է նաեւ երկխոսությունը իշխանության հետ, ինչի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը անցած ամառ խոստովանեց` ընդունելով, որ ՀԱԿ-ի համակիրների բանակը նվազել է: Վերջին հաշվով, բնականաբար, ազդեց նաեւ “Բարգավաճ Հայաստան”-ի հետ իր անհաջող սիրախաղը:
Այս ամբողջն, իհարկե, ազդել է, բայց այս ամբողջը մի կողմ: Շատ ավելի կարեւոր է, որ հետընտրական դաշինքը չի հասել իր իսկ կողմից հռչակված նպատակների իրականացմանը: Սա շատ ավելի լուրջ է: Եթե չլինեին անգամ մյուս բաները, միեւնույնն է, եթե ՀԱԿ-ը, որպես հետընտրական դաշինք այս չորս տարիների ընթացքում չի հասել իր հետապնդած նպատակներին, սա արդեն բավարար էր հետընտրական դաշինքի փլուզման համար:
–Ձեր կարծիքով, այսօր ՀԱԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն է, արմատակա՞ն է ինչպես ինքն իրեն հռչակում է:
-Ես ասել եմ դեռ անցած տարվա մարտին` ՀԱԿ-ը արմատական ընդդիմադիր դաշտից տեղափոխել է ինքն իրեն դեպի կոմֆորմիստական դաշտ, որտեղ, ի դեպ, գտնվում էր նաեւ ԲՀԿ-ն: Եթե Դուք նայեք անցած տարվա մարտին իմ գնահատականները, կտեսնեք, որ ես դեռ այն ժամանակ արձանագրել եմ, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, որն ի սկզբանե գտնվում էր կոմֆորմիստական դաշտում, նույն դաշտում հանդիպեց նաեւ ՀԱԿ-ին եւ պատահական չէր, որ քաղաքական դաշտում լիներով արդեն միմյանց չափազանց մոտեցած եւ մոտիկ, երկխոսությանը հաջորդեց ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը:
Նրանք, ովքեր որպես քաղաքագետ հետեւում են կուսակցությունների շարժերին քաղաքական դաշտում, անգամ մինչեւ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը հանրահավաքում, արդեն իսկ արձանագրել էին, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ոչ միայն պայքարելու են նույն ընտրազանգվածի համար, այլ նաեւ չափազանց մոտ են եւ նրանց միջեւ համագործակցությունն ուղղակի տեխնիկայի խնդիր էր, ինչը եւ կայացավ ընտրությունների նախաշեմին միասնական շտաբի տեսքով: Այսինքն, չափազանց վաղ են նրանց դիրքերը մոտեցել:
–Ի՞նչ եք կարծում, այս մեկ տարվա ընթացքում ՀԱԿ-ն ինչ-որ բան կարո՞ղ է անել իր նպատակին հասնելու համար: Նա դեռ պահում է արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը, անգամ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները վերածելու են արտահերթ նախագահականի:
-Արտահերթ ընտրությունների հեռանկար ես չեմ տեսնում: Ոչ ներքին իրավիճակն է դրա մասին խոսում, ոչ էլ` արտաքին քաղաքական զարգացումները: Հետուաբար, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր հանրությանը կներկայանան եւ իրենց օրակարգում կդնեն այդ կարգախոսը, որքան էլ կարողանան շահել հասարակության մի զգալի հատվածի համակրանքը, միեւնույնն է, այն իրականացնել չեն կարողանա, որովհետեւ հայաստանյան իրողությունները, առավել եւս այս ընտրություններից հետո դա թույլ չեն տալու:Այլ բան է խոսել նման հեռանկարի մասին նախագահական ընտրություններից հետո:
Չմոռանանք, որ հասարակությունը նախագահական ընտրություններին մեկ այլ կերպ է մոտենում, մեկ այլ կարեւորություն է տալիս այդ ընտրություններին, քան խորհրդարանական ընտրություններին, հետեւաբար, նախագահական ընտրություններից հետո քաղաքագիտական տեսանկյունից կարելի է արդարացված համարել նման ստրատեգիայի որդեգրումը, բայց այս պարագայում, մինչեւ այդ ընտրությունները որեւէ քաղաքական ուժ չի կարողանալու հասնել արտահերթ իշխանափոխության: Հետեաբար, քաղաքական ցանկացած ուժի կողմից դա կլինի ուղղակի ինքնասպանության նման մի բան, այսինքն, դնել մի նպատակ, որն իրականացնելու շանսերը չկան:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը