28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Երեւանը մեզ համար լավագույն գործընկեր է». Ժան-Կլոդ Գոդեն

 

Հուլիսի 12-16-ը պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի գործընկերոջ՝ քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ողջունելով Երևանի քաղաքապետին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները: Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում` Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից ևս պետք է լինի համարժեք ու համակողմանիորեն ընդգրկուն:

 

«Թե իմ և թե Մարսելի բնակիչների անունից վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում և շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու և ֆրանսիացիներիս համար կարևոր այս օրը Ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար: Այս այցը ևս մեկ հրաշալի հնարավորություն է` մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և նոր զարգացումներ նախանշելու համար: Համոզված եղեք, որ Երևանը մեզ համար լավագույն գործընկեր է, ու մենք իսկապես կարևորում ենք Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը», – նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

 

Շնորհակալություն  հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաև նկատել է, որ երկու քաղաքների միջև 2013թ.-ին ստորագրված համագործակցության համաձայնագիրը նոր էջ է բացել գործընկերային հարաբերությունների տասնամյակների պատմության մեջ:

 

«Իսկապես ողջունելի է, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության ավելի քան 20-ամյա պատմությունն է: Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաև մեր փոխայցերը: Եվ եթե հաշվի առնենք նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման գործում»,- ընդգծել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով նաև Մարսելի գործընկերոջ անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում:

 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին և Շառլ Ազնավուրին հրավիրել է մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ