Հրատապ. ադրբեջանցի գերուն հայկական կողմը հանձնում է /վիդեո/
Քիչ հետո հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում տեղի կունենա նոյեմբերի 12-ին սահմանը հատած ադրբեջանցի Թելման Ջավանշիր Օղլու Ալիեւի հանձնումը ադրբեջանական կողմին: Ամենայն հավանականությամբ նա մառախուղի պատճառով է շփոթել ճանապարհը եւ անասուններին փնտրելիս մոլորվել է եւ հատել հայկական սահմանը:
41-ամյա հովիվը, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, խուլ ու համր է: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն չի բացառվում, որ նա պարզապես ձեւացնում է:Հայկական կողմը պաշտոնապես ոչինչ այդ մասին դեռեւս չի ասել:
Սահմանագծին են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Առայժմ ադրբեջանական կողմից որեւէ մեկը չի եկել: Սահմանից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, երկու տարի առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին հանձնեց հայ հովվի` Մանվել Սարիբեկյանի կտտանքների ենթարկված դիակը, ով մոլորվելով հատել էր սահմանը:
13.30 Կողմերը ԿԽ ներկայացուցիչների ներկայությամբ փոխադարձ երաշխիքներ տվեցին, որ չի խախտվի հրադադարի ռեժիմը, որից հետո ադրբեջանցի հովվին տարան դեպի սահմանագիծ: Այս պահին դեռ հանձնումը չի կատարվել:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրեց , որ ադրբեջանցի պատանդի հանձնումը ադրբեջանական կողմին ավարտվեց: Ինչ վերաբերում է նրա խուլ ու համր լինելուն, ապա ըստ խոսնակի, նա շփվեց իր հայրենակիցների հետ, խոսեց: “Ճիշտ է, մի քիչ դժվարությամբ, բայց նա հաղորդակցվեց: Ի դեպ, Հայաստանում նրան հետազոտելով` հայկական կողմը եզրահանգեց, որ նա լսելու եւ խոսելու հետ խնդիրներ ունի”,-ասաց խոսնակը:
Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին, ըստ խոսնակի, պատասխանեցին, որ իրենց իրավասության մեջ չի մտնում տեղեկություններ տալը, թե քանի հայ պատանդ կամ ռազմագերի կա Ադրբեջանում:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանական կողմում մոտ 90 հայ պատանդ կա: Սակայն նրանք Կարմիր խաչին պաշտոնապես տեղեկացրել են, որ Ադրբեջանում հայ պատանդներ չկան, կար 6 մարդ, որոնք իրենց ցանկությամբ հանձնվեցին 3-րդ երկրին: Ներկայումս Հայաստանում կա ադրբեջանցի մեկ ռազմագերի` Միրզաօղլի Ֆուրջանովը, որը չի ուզում հետ վերադառնալ Ադրբեջան, եւ ներկայումս բանակցություններ են վարվում 3-րդ երկրի հետ: