«Իմ տխուր ժամանակներին Սիրուշոն միշտ կողքիս է եղել». Ձախ Հարութ
BlogNews.am-ը գրում է, որ խմբագրությունում այսօր հյուրընկալել են երգիչ Ձախ Հարութին՝ Հարութ Փամբուկչյանին, ում հետ հետաքրքիր զրույց են ունեցել ստեղծագործական նորություններից ու կնոջ կորստից մինչև Հայաստանի խնդիրներն ու վերադարձի հավանականությունը։ Սիրելիի մահը մեծ ազդեցություն է ունեցել երգչի վրա։ Մեր զրույցի ընթացքում նա մի քանի անգամ հուզվեց… ամեն անգամ կնոջ անունը տալիս նրա ձայնը խզվում էր, աչքերում արցունքներ էին հայտնվում։
–Պարոն Փամբուկչյան, այս անգամ ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։
– Միշտ մեծ ուրախությամբ եմ գալիս Հայաստան։ Ինձ հրավիրել են մի հարսանիքի։ Նրանք իմ երկրպագուներն են, չափից շատ են սիրում իմ երգերը, իսկ այդպիսի մարդկանց չես կարող մերժել։ Ինձ համար միշտ էլ հաճելի է լինել այստեղ, որովհետև սա իմ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, իմ երգերի մեջ էլ է Երևանը։
– Դուք հաճախ եք երգում հարսանիքների ժամանակ, հետաքրքիր է՝ ի՞նչպայմանների դեպքում եք համաձայնում երգել ինչ-որ մեկի հարսանիքին։
– Այո, շատ եմ երգում հարսանիքներին։ Երբեմն հարսանիքները վերածվում են համերգների։ Կան մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի իրենց հարսանիքին մի ժամ էլ այնպիսի ստեղծագործություններ երգեմ, որոնք պարային չեն, ուզում են երգեմ, որ լսեն։ Մարդիկ քեֆ են անում, բայց նույնիսկ իրենց ուրախության ժամանակ ուզում են պահել այդ լուրջ գիծը՝ լսել գուսանական երգեր, իմ, Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի ստեղծագործություններից։ Դա ինձ շատ է ուրախացնում, նշանակում է՝ մեր ժողովուրդը ձեռքից լրիվ չի գնացել. երբ ժողովրդին որակյալ երաժշտություն ես տալիս, միշտ պատրաստ է վերցնել դա։
-Հասանիքներին երգելու համար մե՞ծ հոնորարներ եք պահանջում։
-Մի քանի տարի առաջ ինձ մի տղա մոտեցավ, ասաց՝ ես ու նշանածս շատ ենք սիրում քո երգերը, արվեստը, ուզում ենք, մեր հարսանիքին դու երգես, բայց փող չունենք։ Ես գնացի ու երգեցի, խմբիս տղաներն էլ են պատրաստակամ նման հարցերում։ Ամեն բան դրամով չի որոշվում։ Ես զրոյից եմ սկսել և հասել այս կետին։ Տարիներ առաջ էլ երևակայական գներ չեմ ուզել։ Մենք ժամանակին երգում էինք 200-300 դոլարով, իմ աճելու հետ այդ թիվն աճել է։ Դա մի գիշերում չի պատահել, դա տարիների քրտնաջան աշխատանք է։ Հիմա, Փառք Աստծո, հասել է մի կետի, երբ ես չեմ խոսում դրա մասին։ Բոլոր հարցերով որդիս է զբաղվում։ Բոլորն էլ վճարում են այն գումարը, որն ասվում է։ Փառք Աստծո, ժողովուրդն այսօր վճարունակ է։ Ես դա նույնիսկ այստեղ եմ տեսնում։ Իհարկե, ԱՄՆ-ում դա ավելի դյուրին է։ Այդ կողմից ես ոչ մի խնդիր չունեմ։
-Այստեղի հանդիսատեսը շատ է սպասում Ձեր համերգներին։ Ե՞րբ կլինի համերգ։
-Ժամկետ նշել չեմ կարող, բայց հիմա խոսակցություններ կան, որ այստեղ պետք է համերգ կազմակերպվի։ Հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին մենահամերգ ունեմ Կրեմլում։ Երևանի համար էլ պատրաստվում ենք։
-Երևանում ակումբայի՞ն, թե՞ համերգասրահում համերգ ունենալու մասին է խոսքը։
-Համերգասրահում։ Թեև Լոս Անջելեսում ակումբներում շատ եմ երգել, ես ակումբ շատ չեմ սիրում, որովհետև այնտեղ ալկոհոլ շատ կա։ Ես չեմ սիրում, երբ ինձ խմելով են լսում։ Մի բան է, երբ ժողովուրդը լուրջ նստում, քեզ է լսում, մի բան է, երբ խմում է. հարբած ժողովրդին շատ դյուրին է շարժել տեղից և խաղալ զգացմունքների հետ։ Իհարկե, հարսանիքներն ու ակումբային համերգներն իրենց տեղն ունեն, բայց ես գերադասում եմ մեծ բեմը։
-90-ականներին Դուք թողարկում էիք երգեր, որոնք միանգամից հիթ էին դառնում, հիմա նոր ստեղծագործություններ շատ քիչ եք ունենում։ Ինչո՞ւ։
-Ես մեկ տարի առաջ ձայնագրություն եմ արել, սակայն երիտասարդ տարիքում էնտուզիազմը խեղդում է քեզ։ Տարիներ ընթացքում սկսում ես նստակյանց դառնալ, իսկ երբ վիշտ ես տեսնում, կրկնակի դժվար է։ Հիմա ավելի բծախնդիր եմ դարձել, եթե առաջ 4 հոգով էինք մի երգ ձայնագրում, հիմա 35-40 հոգով ենք ձայնագրում, նույնիսկ Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախումբն ենք օգտագործում։ Թեև Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ տարիքում շատ գործ եմ արել, բայց՝ որակով գործեր եմ ներկայացրել։ «Մենք չենք լինի էլ 20 տարեկան», «Տարիներն անցան», «Սիրում եմ քեզ» երգերը ես ամեն համերգին երգում եմ 2-3 անգամ, որովհետև հանդիսատեսը պահանջում է։
-Վերջերս երկու զուգերգ ներկայացրիք նաև երիտասարդ կատարողների՝ Սիրուշոյի և Արմենչիկի հետ։ Երիտասարդների համար շատ կարևոր է զուգերգ ունենալ Ձեզ հետ, իսկ Ձեզ համա՞ր։
-Հիմա երիտասարդներն ուզում են հետ բերել այդ երգերը։ Արմենչիկի հետ ձայնագրեցի «Անցել ա Գետակը», որը երգել եմ 20 տարի առաջ։ Սիրուշոյի հետ երգեցինք «Տարիներն անցան» երգը, որը մեկ շաբաթվա ընթացքում 4-5 միլոն դիտում ունեցավ։ Այդ երգը ես ձայնագրել եմ 35 տարի առաջ։ Գիտե՞ք, երգս իր հաջորդ կյանքը ապրեց։
-Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Սիրուշոյի հետ։
-Իրենք տուն ունեն Լոս Անջելեսում, Սիրուշոն այնտեղ էր, միշտ զանգում էր ինձ, խոսում էինք։ Պատակնեկան տարիներին Սիրուշոն շատ է եղել ԱՄՆ-ում, նա պատմում է, որ գալիս էին ու լսում իմ երգերը։ Ես իրենից տարիքով մեծ եմ, բայց մենք դարձել ենք ընկերներ։ Իմ տխուր ժամանակներին Սիրուշոն միշտ կողքիս է եղել և նրա հետ բարեկամություն ստեղծվեց։ Ես իր ամուսնուն էլ եմ լավ ճանաչում, իրենք լավ զույգ են։
Մի օր Սիրուշոն ասաց, որ մանկուց սիրել է այս երգը, հարցրեց՝ կարո՞ղ է նոր ձևով ներկայացնել։ Ես սիրով համաձայնեցի, քանի որ ուրախանում եմ, որ երիտասարդ սերունդը, որն ունի իր երգերը. հաջողությունների է հասնում դրանցով, մոտենում է քեզ ու խնդրում կատարել դասական դարձած երգերը։ Երգը երկրորդ կյանք է ապրում, ինչից ուրախանում ես։
– Մեկուկես տարի առաջ մեծ կորուստ ունեցաք, մահացավ Ձեր կինը…
– (Ընդհատում է) Հոգեպես շատ վիրավորված եմ կնոջս պատճառով, քանի որ մեր 38 տարվա ընկերությունը… (հուզվում է) դա կյանքի կորուստ է, այս բաժինն ինձ համար մութ է։ Կցանկանամ, որ ոչ ոք չունենա նման կորուստ։
-Դեռ չե՞ք հաղթահարել սթրեսը։
-Ասում են՝ ժամանակը կշտկի, բայց ժամանակը ոչինչ չի շտկում, հիշողություններից փախուստ չկա։ 38 տարի մենք ամեն տեղ միասին ենք գնացել։ Փարիզի հայկական թաղամասում մտնում եմ ռեստորան, մատուցողը հարցնում է՝ որտե՞ղ է Ձեր սիրելի կինը… ժամանակը, պահը բերում է ու հիշողություններից չես կարողանում փախչել, նույնիսկ եթե ես այդ պահին ուրիշ բանի մասին էիր մտածում։ Նա մի օր մահացավ, ես ամեն օր մահանում եմ իրեն հիշելուց (կրկին հուզվում է)։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: