Քանի՞ մարդ, քանի՞ երեխա պիտի խեղվի կամ մահանա
Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Երևանի վերելակների հարցը, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Նա հիշեցրեց, որ և նախորդ, և այս տարի արդեն վերելակի պոկման դեպքեր են եղել:
<<Սա գլոբալ, լրջագույն խնդիր է: Քանի՞ մարդ, քանի՞ երեխա պիտի խեղվի կամ մահանա, որպեսզի ի վերջո մենք կարողանանք սա համարել քաղաքապետարանի համար ռազմավարական նշանակության ծրագիր և կարողանանք լրջագույն գումարներ ուղղել՝ ինչ-որ տեղերից նաև կտրելով՝ հասկանալով, որ քաղաքապետարանը չունի այն ամբողջ ծավալը գումարի՝ ուղղելու ողջ վերելակային համակարգի նորոգմանը, բայց պետք է կտրել այն տեղերից, որ առաջնային նշանակության չեն՝ այս խնդիրը լուծելու համար>>,-նկատեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ քաղաքացին վախենում է նստել վերելակ, քանի որ օգտագործման ժամկետն արդեն վաղուց անցել է:
<<Մեզ հայտնի է այս իրավիճակը, դուք նորություն չեք ասում, իհարկե, գույների խտության տարբերություն կա>>,-ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հավելելով, որ Երևանի վերելակային համակարգն, իսկապես, ֆիզիզկական մաշվածություն է ապրել տարիքային առումով, որոշակի սերնդի առումով բարոյական մաշվածություն ունի այդ ամբողջ տնտեսությունը:
Նա նշեց, որ վերելակը համարվում բաժնային սեփականություն այդ շենքի համար, այսինքն՝ իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, իսկ նորմերի կատարման պատասխանատուն համատիրությունն է: Արեյանը հավելեց, որ խնդրի լուծման համար լրջագույն ներդրումներ են պետք, և հիմա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նախաձեռնվել են քննարկումներ տարբեր ներդրումային կառույցների հետ:
<<Երևանի բյուջեն բավարար չէ այդպիսի ներդրումներ իրականացնելու: Հարցը մեր վերահսկողության ներքո է, լրջագույն ստուգման տակ են համատիրությունները, ծախսերը , ուր են գնում հավաքագրված գումարները, բայց սրանք ընթացիկ վաչրարարական աշխատանքներ են>>,-շեշտեց նա:
<<Մենք խոսում ենք բացարձակապես շարքից դուրս եկած վերելակների մասին: Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելն անօգուտ է, կարծում եմ>>,-արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: Նա առաջարկեց տոնական օրերին, տոներին լուսավորության և այլ ծախսերը կրճատել ու մի քանի վերելակ վերանորոգել:
<<Տագնապալից կխոսեք, թե հանգիստ, հարցն այդպես չի լուծվելու: Ես ասացի, հիմա էլ տագնապների տարբերություն կա տոնայնության փոխարեն, մենք լոկալ լուծումների հետևից ընկնող չենք: Կարելի է մեկ վերելակ փոխել, հետո՞>>,-պատասխանեց Կամո Արեյանը՝ նշելով, որ ժամանակակից վերելակներն ու շենքերի խորշերը շատ տարբեր են, և բազմաթիվ ծախսեր են անհրաժեշտ: