Թուրք մարզիչը հերքել է Օզբիլիսի նկատմամբ ազգային խտրականություն դնելու մասին լուրը
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի թուրք մարզիչ Մուրաթ Յաքընը մեկնաբանել է օրեր առաջ մամուլում հայտնված այն լուրը, թե «Սպարտակի» ֆուտբոլիստ հայազգի Արազ Օզբիլիսի կարծիքով մարզիչն իրեն թիմի հիմնական կազմում չի ընդգրկել հայ լինելու պատճառով, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրք մարզիչը հայտարարել է, որ այս պատմության պատճառով շատ հիասթափված է Օզբիլիսից և լիովին հերքել է իր կողմից ազգային խտրականություն կիրառելու հնարավորությունը:
«Մարզիկը պետք է դա գնահատի միայն որպես սպորտային որոշում: Ես նման բան երևակայել անգամ չէի կարող: Նա արդեն հրապարակավ ներողություն է խնդրել, իսկ ակումբը նրան պատժել է: Թեման ինձ համար փակված է»,- ասել է քառասնամյա թուրք մարզիչը:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլում հայտնվել էր Արազ Օզբիլիսի հարցազրույցը ռուսական «Սպորտ Էքսպրես»-ին: Ըստ այդ հրապարակման` 25-ամյա հայ ֆուտբոլիստն իբր ասել էր, թե Սպարտակի գլխավոր մարզիչ ազգությամբ թուրք Մուրադ Յաքընն իրեն և Յուրա Մովսիսյանին չի ընդգրկում թիմի հիմնական կազմ հայ լինելու պատճառով:
Ավելի ուշ Օզբիլիսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ որևէ հարցազրույցի ժամանակ ինքը նման մտքեր չի արտահայտել և որ իր խոսքերն աղավաղել են:
«Ես Թուրքիայում ծնված հայ եմ: Ես չեմ ասել, որ մարզիչն ինձ չի թույլատրում աշխատել թիմի հետ, որովհետև ես հայ եմ: Բոլորը, ովքեր ճանաչում են ինձ, լավ գիտեն, որ ես նման մտքեր չունեմ: Ուստի դադարեք օգտագործել իմ անունը քաղաքական մոտիվներով: Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ում:
Աղբյուր` Ermenihaber.am