21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը միջանցքը տալու է` «անցում» անվանելով

«Հրապարակ-ը գրում է. «Չնայած տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հանրությանը փորձում էր վստահեցնել, որ Սյունիքի միջանցքի մասին խոսք լինել չի կարող, նման պայմանավորվածություն չկա, որ այդ հարցում ինքը սկզբունքային դիրքորոշում ունի` դա իր կարմիր գիծն է, իսկ Արցախի լիակատար շրջափակումից հետո պնդում, հոխորտում էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլեւս երբեք չի կարող օրակարգ բարձրանալ, նախօրեին՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, ճիշտ հակառակն ասաց: Փաշինյանը բառացիորեն ասաց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլեւ ուզում է միջանցք տալ Բաքվին, իհարկե՝ «միջանցք» տերմինը չօգտագործեց, նոր տերմին օգտագործեց` «անցում», սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում։

Նա ասաց. «Մեր սոցցանցերում եւ քաղաքական շրջանակներում նաեւ նմանատիպ քննարկումներ կան, ասում են՝ այ, եթե այդ ճանապարհը բացվի, կլինի հերթական դավաճանությունը: Ժողովուրդ, չեմ հասկանում, մենք պիտի ասենք՝ մենք թույլ չե՞նք տալիս մեր տարածքով, Ադրբեջանի արեւելյան մասից կամ հիմնական մասից մեր տարածքով թույլ չենք տալիս գնան Նախիջեւան եւ Նախիջեւանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն։ Սա ի՞նչ տրամաբանություն է:

Ինչո՞ւ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար: Ընդհակառակը՝ մենք կարծում ենք, որ պետք է ասենք, որ պատրաստ ենք, եւ մեր ասածի մեջ որեւէ կեղծավորություն չկա: Ադրբեջանն ասում է՝ լավ, դուք չեք ուզում, Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց էլի վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ ԻԻՀ-ն է անցում տրամադրում, նույն պայմաններով նաեւ մենք են պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք գնալ նաեւ որոշակի պարզեցումների»:

Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո նա համառորեն հերքում, ժխտում էր միջանցքի մասին խոսակցությունները: Իսկ «ընթացակարգերի որոշակի պարզեցումները» ենթադրում է, որ մարդիկ եւ բեռներն Ադրբեջանից դեպի Նախիջեւան ու հակառակ ուղղություններով պետք է անցնեն առանց մաքսային ստուգման, ինչն Ադրբեջանի պահանջն է ու միջանցքային տրամաբանությունը: Եթե անգամ Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցությունը մնա ՀՀ սահմանապահների վերահսկողության ներքո, միեւնույն է, դա համարվելու է ինքնիշխանության կորուստ, քանի որ թշնամուդ թույլ ես տալու առանց մաքսային հսկողության անցնել քո տարածքով:

Հատկանշական է, որ 3 տարի առաջ՝ 2021 թ. նոյեմբերի 11-ի նիստում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնելու Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանն ասել էր. «Շահարկումներից խուսափելու համար պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է:

Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու է միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Նա նաեւ նշել էր, թե ՀՀ դիրքորոշումն այն է, որ կոմունիկացիաները պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի, համապատասխան մաքսային ու անձնագրային հսկողությամբ: Մինչդեռ հիմա պատրաստ է ճանապարհը տրամադրել «պարզեցված ընթացակարգով» եւ ինչ-որ միջազգային կազմակերպության վերահսկողության ներքո, այսինքն՝ հենց միջանցքի տրամաբանությամբ։

Հիշեցնենք, որ միջանցքի մասին խոսակցություններն Ադրբեջանը սկսեց պատերազմից ամիսներ անց՝ 2021 թ. հունվարի 11-ի մոսկովյան հայտնի հանդիպումից հետո, երբ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ֆորմատով նոր փաստաթուղթ ստորագրվեց՝ ճանապարհների ապաշրջափակման մասին։

Ադրբեջանը նախ ՀՀ-ից միջանցք էր պահանջում, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին թույլատրեր անխոչընդոտ երթեւեկել Գորիս-Կապան ճանապարհով, ապա չստանալով` այդ ճանապարհը փակեց մեր առջեւ։ Ավելի ուշ պնդում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի նույն ռեժիմով, որով Լաչինի միջանցքն է գործում։ Երբ այս պահանջը մերժվեց, կեղծ էկոլոգներով փակեց Լաչինն ու կտրեց Արցախ-Հայաստան կապը:

Այն ժամանակ պաշտոնական Երեւանը կտրականապես մերժում էր բոլոր առաջարկները՝ հայտարարելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը սակարկության ենթակա չէ։ Փաշինյանը բազմիցս հղում է արել 20 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, թե ՀՀ-ն միջանցք տրամադրելու որեւէ պարտավորություն չի ստանձնել, հայտարարության մեջ «միջանցք» տերմինը հիշատակվում է միայն 1 անգամ՝ Լաչինի միջանցքի հետ կապված։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին միջանցք չտրամադրելու համար զոհաբերեց ողջ Արցախը, հրաժարվեց Գորիս-Կապան ճանապարհից, սակայն այս ամենից հետո համաձայնել է նաեւ Սյունիքով միջանցք տրամադրել, որը Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանն ուղղված մարտահրավեր է դառնալու: Եվ եթե Երեւանը, ի վերջո, համաձայնելու էր միջանցք տրամադրելու պահանջին, ապա ինչո՞ւ դա չարեց ավելի վաղ` առանց Արցախը հանձնելու, առանց Գորիս-Կապանը տալու: Հիմա էլ պատրաստ է դա անել` առանց գերիներին անգամ պահանջելու։
Մի բան հստակ է` Փաշինյանի համար ոչ թե պետության շահն է գերակա, այլ՝ սեփական իշխանության պահպանումը։ Իսկ այդ իշխանության պահպանումն այսօր «Սյունիքի միջանցքը» հանձնել է ենթադրում, որը կանի` դրան մանիպուլյատիվ մեկնաբանություններ տալով»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ