Պուտինը այն Պուտինը չի. Արամ Կարապետյան

«Շատ հարցեր կան, որոնց մեջ քաղաքականություն փնտրել պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով մարտի 13-ին Աստանայում կայացած Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանն, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Կարապետյանի դիտարկմամբ՝ մենք ամեն ինչում քաղաքականություն ենք փնտրում, սակայն կան դեպքեր, երբ քաղաքական բացատրություն տալ հնարավոր չէ. «Պարզ էր, որ գնալու էր արժույթի մասին խոսակցություն, պարզ էր, որ ԵՏՄ-ում ծանր կացության մասին քննարկումներ էին լինելու: Պարզ էր, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն մտնում են ընտրական ցիկլերի մեջ ու պետք է Պուտինին ցույց տային, որ տիրող մթնոլորտը ջերմ է, բայց այստեղ էլ քաղաքականություն չկա, որովհետև ոչ մի ու ոչ մյուս երկրում Նազարբաևին ու Լուկաշենկոյին ուրիշ ալտերնատիվներ չունեն»,-նշեց քաղաքական գործիչը:
Կարապետյանի փոխանցմամբ՝ ԵՏՄ երկրներ են պարզապես, ու չնայած դեռևս չորսն են, ու վաղը կարող են դառնալ հինգը, բայց սա չի նշանակում, որ առանձին հանդիպումները կարող են վիրավորական լինել:
«Իմ տեսակետից կան անձնական որոշակի խնդիրներ, որոնք քաղաքականությունից դուրս են: Կան խնդիրներ, որոնք առաջին հայացքից թվում է՝ գերտերություններ են մասնակից ու որոշ կարևոր հարցեր են լուծվելու, սակայն էլի անձնական հարցեր են առաջ գալիս»,-նկատեց Կարապետյանը:
«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը նկատում է, որ Պուտինի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները կայուն են .«Պուտինը բավականին երկար ժամանակ հիվանդ էր ու հետո հիվանդ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Սերժ Սարգսյանի հետ: Կարծում եմ, որ Պուտինն էլ ամեն կերպ ցույց է տալիս, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններում խնդիրներ չկան»:
Արամ Կարապետյանը նշեց նաև, որ միգուցե արդեն Պուտինը այն Պուտինը չի, որ կարողանա բոլոր հարցերը լուծել, ու սա պետք է ընդունել: Ըստ բանախոսի՝ պոստպուտինյան ժամանակաշրջան է գալիս: Ու դրա մասին վկայող նախադրյալներ արդեն կան: