«Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում, պատժում են»

«Ես երեկ ելույթ եմ ունենում ԱԺ-ում, տպավորություն է, որ ապակիների դեմ եմ խոսում, իսան չկա, մտածող չկա: Չի կարելի այդքան ջայլամի տեղ դնել և հաշվի չառնել այդ երևույթները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Կրթության հետ կապված օրենքին, որով 12-ամյա կրթությունը պարտադիր է դառնում, Արամ Մանուկյանն ասաց, որ այն կարևոր օրենք էր, բայց չանցավ, իսկ ՀՀԿ –ում, երևաց, որ կա տարաձայնություն և խմբերի բախում:
Նա նաև կարևորեց «Նաիրիտ»-ի խնդիրը, որ բոլոր քաղաքական ուժերին իրենք դիմել են, Կոնգրեսն էլ խոստացել է աջակցել նաիրիտցիներին՝ իրենց խնդիրների լուծման համար:
Արամ Մանուկյանը նաև խոսեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների տարեկան զեկույցի մասին՝ նշելով, որ այնտեղ առաջին անգամ աշխարհի ամենահետամնաց երկիրների շարքում քննադատություն է հնչել նաև ՀՀ-ի մասին: Զեկույցում նշված է, որ շատ անհանգստացնող է ՀՀ-ի ընդդիմադիր քաղաքական դեմքերի և հասարակական կազմակերպությունների ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերջերս իրականացվող ալիքը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական գործարարների օբյեկտներում հարկային ստուգումներին՝ Արամ Մանուկայնն ասաց. «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում, պատժում են»:
Խոսելով նաև ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի շփումներիի մասին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ շփվում են, սակայն ԲՀԿ-ն այս պահին վերակազմավորման, խորհրդակցելու փուլի մեջ է, որը չի ավարտվել, իրենք էլ են ասում, որ ժամանակ է պետք:
«Մենք համբերատար կսպասենք, չենք բացառում համագործակցությունը և՛ «Ժառանգության», և՛ ԲՀԿ-ի հետ: Նրանց հետ մարդկային շփումներ կան, հույս ունեմ, որ մենք իրար հետ ծրագրեր կիրականացնենք»,- ասաց Արամ Մանուկյանը: