Երբ ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի

«Մենք ասել ենք, ասում ենք և շարունակում ենք ասել, որ ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա կուսակցություն է և չի կարող մի ալյանսի մեջ լինել, լինի դա կոալիցիա, միություն և այլն, որտեղ իր գաղափարական սկզբունքները չեն հարգվում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի` ՀՅԴ-ի կոլաիցիա մտնելուն առնչվող հարցին` ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ իրենք 12 տարի է՝ խոսում են իրենց հրապարակած 7 կետի մասին և չեն հասել պահանջների վերջնական կատարման: «Ուղղակի այդ կետերի հետ կապված առաջընթաց է արձանագրվում, և երևի դա է պատճառը, որ այդքան շատ են խոսում կոալիցիա մտնելու մասին»,-նշեց Ռուստամյանը:
«Կան քաղաքական ուժեր, որ իրենց հայտարարում են ընդդիմություն, բայց ամեն ինչ անում են, որ ընդդիմության տեղերը չընդլայնվեն: Թե՛ կոալիցիայում, թե՛ կոալիցիայից դուրս ՀՅԴ-ն իր սկզբունքների ջատագովն է»,-ասաց նա:
Հարցին, թե 7 կետերը կատարվելու դեպքում կմտնե՞ն կոալիցիա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե արդեն ամեն մեկն իր տեղը կունենա՝ լինի ընդդիմություն, թե դիմություն: Ըստ նրա՝ այդ դեպքում ՀՅԴ-ն կլինի կոալիցիայում, թե ոչ, այդքան ցավոտ չի լինի: