Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ
Այս պահին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես, տղամարդկանց հետ։ Այս մասին այսօր հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ է տեղադրվել, ոստիկանները միայն Կիրացնի բնակիչներին են թողնում գյուղ մտնել:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:
Համայնքում կրկին մեծ թվով ոստիկաններ կան, որոնք պարբերաբար, զգուշացնում են բնակիչներին, որ բացեն ճանապարհը։ Բնակիչներին երեկ գյուղապետի միջոցով կանչել էին Իջևան ՝ քննակման, սակայն նրանք հրաժարվել են գնալ՝ պահանջելով, պաշտոնյաները գան Կիրանց։
Այս պահին բնակիչները սպասում են մարզպետին, չեն համաձայնում խոսել նրա հետ փոխհատուցման տարբերակների մասին։«Մի քանի սմ էին ասում, բայց հեկտարներ է զիջում», տարակուսանքով նշում են կիրանցեցիները։ Մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ-ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։
Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։