Ինչպես դառնալ կամային մարդ
Հնարավո՞ր է արդյոք մեր մեջ զարգացնել կամքի ուժը, որ համարձակությամբ կարողանանք մեզ երկաթե կամքով մարդ համարել ու հասնել նոր բարձունքների: Պատասխանն է՝ այո:
«Կամքի ուժը ամեն րոպե տարվող հաղթանակ է նախ մեր բնազդների, հակումների նկատմամբ, որոնց կամքը զսպում է ու ճնշում, հետո՝ խոչընդոտների ու արգելքների նկատմամբ, որոնք այն հաղթահարում է, և, վերջապես, ամեն տեսակ դժվարությունների նկատմամբ, որոնց միջով հերոսաբար անցնում է». Օնորե դը Բալզակ:
Կամքի ուժը հաջողակ մարդկանց անփոխարինելի բնութագրական հատկանիշներից է: Ավելին, կամքի ուժը կյանքում հաջողության հասնելու գլխավոր պայմաններից մեկն է:
Ընդ որում, այդ բնավորության գլխավոր հատկանիշներից մեկն այն է, որ մենք չենք ծնվում այդպիսին, այլ այն զարգացնում ենք մեր մեջ:
Ընտրություն կատարեք ճիշտ ժամանակին: Ճիշտ ընտրություն կատարելը վստահություն է ներշնչում հետևելու որոշմանն առանց կասկածների: Բայց մեկ պայման ևս կա. եթե անգամ ճիշտ որոշում կայացնեք, կարևոր է նաև այդ որոշումը ճիշտ ժամանակին կատարելը: Օրինակ, եթե որոշում եք առավոտյան վազել, ապա հստակ իմացեք, որ առավոտյան ձեզ համար դժվար է լինելու արթնանալ, ուրեմն նախապես ամեն բան արեք, որ առավոտյան հեշտ արթնանաք, օրինակ, երեկոյան շուտ քնեք:
Բարդ գործերը ծրագրեք առավոտյան կատարել: Անպայման պահեք կանոնը՝ բոլոր կարևոր, բարդ ու տհաճ գործերը օրվա առաջին կեսին իրականացնելու: Այդ ժամանակ մեր ֆիզիկական և հոգեբանական ուժերը դեռևս սպառված չեն, ուստի ամեն բան ավելի հեշտ է տրվում:
Առողջ ապրելակերպ վարեք: Ես համոզված եմ, որ բազմիցս եք լսել այս արտահայտությունը՝ «Առողջ մարմնում առողջ հոգի»: Մեր ինքնազգացողությունն իր դերն ունի մեր կյանքում, դրանից է կախված, թե ինչպես մենք կիրականացնենք մեր առջև դրված գործերը: Դրա համար անհրաժեշտ է առողջ ութժամյա քուն, առողջ սնունդ և ֆիզիկական վարժություններ:
Հիշեցումներ ստեղծեք ձեզ համար: Երբեմն, իսկ գուցե նաև հաճախ, չնայած մեր բոլոր ջանքերին, մենք ճանապարհից շեղվում ենք ու սկսում քայլել ծուլության, սխալ նպատակների կամ տրտմության մեջ: Այս պատճառով մենք կարիք ունենք հիշեցումների, որ կարողանանք սկսածն ավարտին հասցնել:
Դմիտրի Գորչակով
աղբյուրը` crossnews.am