25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանք գյուղի խաչքարը

Այս խաչքարը գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի Հադրութի շրջանի Վանք գյուղում։

Խաչքարի ճակատագիրն այսօր անհայտ է։

Գտնվում է Արաքս գետից 25 կմ հյուսիս` Արքասի ավազանին պատկանող Վարանդա գետի` հարավից խառնվող սեզոնային վտակի աջակողմյան լանջին։

Խաչքարի հորինվածքը երիզված է լայն հյուսվածազարդ շրջանակով, որի կենտրոնական խաչի թևերն ավարտվում են անվարժ հյուսված կլորավուն երեքնուկ տերևներով։

Հորինվածքը եզրագծող կամարի վերին աջ կողմից դեպի ցած կախված է արցախյան մի խումբ խաչքարերի համար ավանդական դարձած խաղողի ողկույզը։

Հավանաբար նույն պատկերն էր նաև կամարի ձախ կողմում, որն այժմ ավերված է։

Անչափ ուշագրավ է կենտրոնական խաչի հորիզոնական թևերից ցած` աջից, քանդակված լուսապսակ ռազմիկի պատկերը։

Վերջինս ներկայացված է դիմահայաց, հասակով մեկ կանգնած, ծնկից ցած իջնող և կոնքից ցած լայնացող երկար հագուստով։

Լուսապսակ նրա դիմապատկերը ցավոք լավ չէ պահպանված, բայց դեռևս ընթեռնելի են գլուխը ծածկող սաղավարտն իր երկու կախիկներով, ինչպես նաև դեմքի բեղ-մորուքը։

Ուշագրավ է նաև ռազմիկի կեցվածքը։

Վերջինս ներկայացված է աջ ձեռքում գավաթ բռնած, իսկ ձախը` կոնքին հենած։

Երկու ոտքերի շարժումն ուղղված է դեպի կենտրոնական խաչը։

Ստորին խաչաթևի մյուս կողմում, գրեթե նույն բարձրության խաչաքանդակ է, որի չորս թևերի ութ ծայրերը պսակված են կլոր պարզ ձևերով։

Կենտրոնական խաչի հիմքից սկիզբ է առնում նույնպես արցախյան մի խումբ խաչքարերին բնորոշ անկանոն երկճյուղ «արմատը»` տարածվելով աջ ու ձախ` ընդհուպ մինչև հյուսվածազարդ շրջանակը, և ծայրում կլորանալով։

Ուշագրավ է, որ դրանք չեն պսակվում ոչ արմավազարդ տերևներով, ոչ էլ այլ բուսական զարդերով, այլ կարծես իրենց վրա են կրում վերը նկարագրած լուսապսակ ռազմիկին ու խաչը։

Կոթողի ստորին հատվածում` խաչից ցած, քանդակված է ոչ շատ մեծ ու պարզ հորինվածքով վարդյակը։

11-12-րդ դարերի խաչքար է, որի մասին առաջին անգամ հրատարակվել է «Վարձք» հանդեսի 18 համարում:

Այս կոթողն իր պատկերագրական բոլոր տարրերով և հորինվածքային առանձնահատկություններով պատկանում է 11-12-րդ դարերի Պատարայի (11-12-րդ դդ.), Հանդաբերդի (1194թ.), Հարգոմերի (1196թ.), Լեվի (13-րդ դ.) և այլ արցախյան խաչքարերի խմբին։

Արցախի պատկերաքանդակ խաչքարերի 11-12-րդ դարերի բացառիկ և ինքնատիպ օրինակներից է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ