Բարսղիշենի եկեղեցի
Բարսղիշեն կամ Բարսեղաշեն գյուղը գտնվում է Քարվաճառում, Լև գետի ձախակողմյան մի փոքր վտակի հարավային մասում։
Բարձրությունը ծովի մակերևույթից 1650-1740 մետր է։
Գյուղի մասին միակ արձանագրությունը պահպանվել է Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում։
19-րդ դարի վերջին այստեղ հաստատվում են քոլանեցի քրդերը և փոփոխելով գյուղի անվանումը այն կոչում են Բաղրսաղ։
Բարսիղաշեն և Ղամշլի գյուղերի միջև մի գեղատեսիլ բլրի վրա պահպանվել են փոքրիկ եկեղեցու պատերը։
Թաղածածկ հորինվածքով շենքի ծածկը և պատերի վերնամասերը քանդված են, իսկ մուտքը բացված է արևմտյան կողմից։
Կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով։
Եկեղեցու երեսապատի վրա քարերի մեծամասնությունը պատված են փոքրիկ նվիրատվական խաչերով։
Այստեղ պահպանվել են երկու համառոտ արձանագրություն` մեկը արևմտյան, մյուսը` հարավային ճակատներին։
Արևմտյան պատին կարդում ենք ԱՍՏՈԻԱԾ ՈՂՈՐՄԻ ԳԱԳԻԿԻՆ։ Հարավային պատին՝ ԳՐԻԳՈՐԻ․․․/Ի․․ՈՅԱ ՈՂՈՐՄԻ ԱՍՏՈԻԱԾ։
Եկեղեցին ներսից սվաղված է։ Խորանը ուղղանկյունաձև է, իսկ արտաքին չափերն են` 5,68×4,22 մ։
Եկեղեցու հորինվածքային և գեղարվեստական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ այն կարելի է թվագրել 13-14-րդ դարերով։
Շուրջը տարածվում է մի փոքրիկ գերեզմանոց, որտեղ կան մշակված ուղղանկյունաձև, անարձանագիր տապանաքարեր։
Ղամշլի գյուղատեղիում մի քանի քանդված շենքերի պատերի մեջ գտնվել են շատ խաչքարեր, սրբատաշ քարեր և եկեղեցու բարավորի արձանագիր քարեր։
Հիմնականում այստեղ բնակված խաշնարածները քանդել են հայոց եկեղեցիները և գերեզմանատները և իրենց համար դրանց բեկորներով տներ կառուցել։
Ավելի հավանական է թվում, որ ինչպես այս, այնպես էլ 5-6 արձանագիր այլ խաչքարեր, ի սկզբանե պատկանել են միևնույն եկեղեցուն և եղել են երեսպատի քարեր։
Խիստ ուշագրավ և արժեքավոր է մի քանի մասերի կոտրատված բարավորը, որի երկու բեկորներին կարդացվում է հետևյալը․
ԵՍ ԱՐԶՈՒ ԽԱԹՈՒՆՍ ԱՄՈՒՍԻՆ ՎԱԽՏԱՆԳԱ ԵԻ ՄԱՄԱ ԽԱԹՈՒՆ ՔՈՅՐ ԻՄ ՇԻՆԵՑԻՆՔ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՍ ՅԱՂԱԻԹՍ ՅԻՇԵՑԷՔ․․․
Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org