22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եղիշե առաքյալի վանք. Արցախ, Մարտակերտի շրջան

Վանական համալիր «Եղիշե առաքյալի վանք». Արցախ, Մարտակերտի շրջան, գյուղ Մատաղիս, 12-13րդ դարեր:

Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է:

Գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում, Մռավ լեռան լանջին:

Նախապես այստեղ գտնվում էր հեթանոսական սրբավայր, որը կոչվում էր Ներսմիհրի ուխտ:

Քրիստոնեության ընդունումից հետո սրբավայրը դարձավ քրիստոնեական և կոչվեց Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով:

Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը V դ. Սուրբ Եղիշեի գերեզմանի վրա կառուցել է մատուռ-դամբարան, որտեղ էլ վախճանվելուց հետո թաղվել է:

Եղիշե Առաքյալ վանքային համալիրը կազմված է եկեղեցիներից, մատուռներից և մի շարք բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող շինություններից:

Վանքի գլխավոր եկեղեցին, որն իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ, կառուցվել է XII-XIII դդ.:

Իր երկար պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս անգամ վերակառուցվել է, ինչի մասին վկայում են քարակառույցում օգտագործված ավելի հին քարեր, որոնց վրա պահպանվել են արխաիկ ճարտարապետական էլեմենտներ:

Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից:

1284թ. կառուցվել է եկեղեցու գավիթը` ընդհանուր ճարտարապետության համապատասխան:

Գավիթը քառակուսի դահլիճ է երկու քանդակազարդ սյուներով:

Նրա տանիքին 1323թ. կառուցվել է քառասյուն զանգաշտարակը:

1286թ. Վաչագան Բարեպաշտի գերեզմանի վրա վանահայր Սիմեոնը կառուցել է եկեղեցի:

Գլխավոր եկեղեցու երկու կողմում գտնվում են մատուռներ` երեքը հարավային մասում և չորսը հյուսիսային, որոնք միաժամանակ ծառայել են նաև որպես դամբարաններ:

Վանքի հարավային մասում են գտնվում խցերը և սեղանատունը:

Նրանց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահորը պատկանող երկհարկանի շինությունը (1552թ.):

XVI դարում վանքը պարսպապատվել է, կառուցվել են երկու կամարակապ դարպասները:

Վանքի շուրջ սփռված են բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր և գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են XIII-XVIIIդդ.:

Միջնադարում Եղիշե Առաքյալ վանքը եղել է Արցախի մշակույթի և դպրության կենտրոն:

Այստեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր, կրոնական և աշխարհիկ փաստաթղթեր, եկեղեցական սպասք:

XVIII դ. վանքը հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ